Լրահոս
Օրվա լրահոսը

Բալային համակարգն որքանով է պակասեցրել զոհերի, վիրավորների ու ՃՏՊ-ների թիվը. խորհրդարանում է ՃՈ պետը

Փետրվար 27,2020 16:34

«Երեւան քաղաքն, առանձին վերցրած, որտեղ հագեցած է տեսախցիկներով, 2019-ի փետրվարի 27-ի համեմատությամբ, այս տարի 37-ով պակաս են ՃՏՊ-ները, երկուսով պակասել է զոհերի թիվը, 68-ով էլ պակասել են վիրավորները»,-այսօր խորհրդարանում կազմակերպված՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը՝ ընդգծելու համար բալային համակարգի արդյունավետությունը: Ըստ նրա, տարին նոր է սկսվել, դեռ վաղ է եզրահանգումներ անել, բայցեւայնպես՝ դրական տեղաշարժ կա:

Խորհրդարանական լսումները հրավիրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստանն» ի սկզբանե դեմ է եղել բալային համակարգի ներդրմանը եւ այսօր արդեն, համակարգը վարորդների համար խնդիրներ է առաջացրել. «Եթե մենք պատժում ենք վարորդին բալ հանելով, արդյոք պետությունը ստեղծել է ճանապարհային այն պայմանները, որոնք թույլ կտան, որ վարորդը երթեւեկի առանց խախտման, իհարկե՝ ոչ: Օրինակ՝ կայանատեղերի խնդիրը: Սխալ կայանելու համար կա տուգանք եւ բալ է հանվում: Մենք այսօր չունենք Երեւանում մեքենաների կայանելու համակարգ, չի հերիքում, եւ հիմնականում, մարդիկ ստիպված են խախտել նոր օրենքը եւ կայանել իրենց մեքենաները եւ պատժվել: Գծանշումները, որոնք ոչ միայն Երեւանում են խնդիր, այլեւ ամբողջ Հայաստանում: Մենք պետք է խնդիրը դիտարկենք ողջ Հայաստանով: Պայմաններ չենք ստեղծել»:

Եգոր Կարապետյանը ներկայացրեց 2019-ի ճանապարհային ոստիկանության աշխատանքները: Ասաց, որ անցյալ տարի 1 միլիոն 979 հազար իրավախախտման վերաբերյալ որոշում է կայացվել: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարել են 4803 վարորդ: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տրանսպորտային միջոց, որից 9405-ը` Երեւանում: Նրա տվյալներով, հոգեբուժական եւ թմրաբուժական հաստատություններում հաշվառվել են վարորդական վկայականներ ստացած 473 անձ, որոնց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, իսկ 102-ը առգրավել եւ հանձնվել են ճանապարհային ոստիկանություն:

Ասաց՝ չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի աճին, որոնք պայմանավորված են ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ, զոհերի թիվը փոքր, բայց նվազել է: 2019-ին 341 մարդ է զոհվել, վնասվածքներ ստացել է 6801 մարդ: 2018-ի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 688-ով, վիրավորների թիվը 851-ով, իսկ զոհերի թիվը 2-ով նվազել է: ՃՈ ղեկավարը պատահարների թվի աճը նաեւ պայմանավորեց ներմուծված տրանսպորտային միջոցների հին ու անսարք լինելով. «Մեծ մասը տասը եւ ավելի տարվա են: Բացի այդ, վարելու ընթացքում հեռախոսից են օգտվում, ծխում են, չեն ամրակապվում»:

Լսումներին ներկա քաղաքացի Հասմիկ Սահակյանը Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ կլուծվի տաքսիների կայանատեղիները հարցը, որպեսզի նրանք կանգառներում չկայանեն՝ ստեղծելով վթարային իրավիճակ մարդկանց եւ հասարակական տրանսպորտի համար: ՃՈ ղեկավարն ի պատասխան ասաց՝ կայանատեղիները քիչ են, չեն բավարարում: Ըստ նրա, այդ խախտումները ՃՈ-ի ուշադրության կենտրոնում են, եւ խախտումների 15-20 %-ը կանգառում կայանումների վերաբերյալ է:

Միհրան Արշակյանը հետաքրքրվեց՝ ունե՞նք քանակ վարորդների, որոնք զրկվել են վարորդական իրավունքից: Ի պատասխան, ՃՈ պետն ասաց, որ առաջին փուլում դեռեւս չեն զրկվում, կասեցվում է նրանց վարորդական իրավունքը, բայց այսօր դեռ չունեն: Սակայն ունեն թվեր, թե քանի մարդ է 9 բալ հավաքել, որոնց նկատմամբ կասեցման գործընթացը պետք է արվի: Կասեցման ենթակա վկայականների վարորդների թիվը ՃՈ պետը չհրապարակեց:

Միհրան Արշակյանը Եգոր Կարապետյանի ուշադրությունը հրավիրեց նաեւ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Ագարակավան, Ուջան հատվածներին. «Այդ ճանապարհը դարձել է փորձանքի ճանապարհ, կտրուկ շրջադարձերի դեպքում հատկապես վատ եղանակային պայմաններում, մանեւվր անելը շատ դժվար է՝ ոչ կահավորված լինելու պատճառով նաեւ: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս ուղղությամբ: Դեղին փարոսիկները շատ թույլ են եւ կատարյալ լուսավորություն է պետք»:

ՃՈ պետն ասաց, որ 3-4 օր առաջ հայտարարությամբ հանդես են եկել, որ այդ նշյալ հատվածներում ճանապարհային նշաններ պետք է տեղադրվեն, ասաց նաեւ, որ ճանապարհային ոստիկանները հսկողություն են իրականացնում եւ պատասխանատուներին տեղեկացնում են ճանապարհային նշանների բացակայության կամ կոտրվելու դեպքերում. «ՃՈ-ն տարին երկու անգամ գարնանային եւ աշնանային հետազոտություններ է իրականացնում ՀՀ-ի միջպետական եւ հանրապետական ճանապարհներին եւ, եթե կան թերություններ, բացթողումներ, այդ մասին տեղեկատվությունն ուղարկում է համապատասխան մարմիններին թերությունները վերացնելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829