Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ մենք վերացնենք մեր մոտ եղած թատերական աղանդավորական սահմանները»․ Ռուբեն Բաբայան

Փետրվար 27,2020 16:18

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ։ Պաշտոնական առաջնախաղը տեղի կունենա մարտի 3-ին և 4-ին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

«Ժամացույցի զարկերը» ներկայացվելու է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում:

Ինչպես ներկայացումը նկարագրեց Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը․ «Այն հավերժ երիտասարդ մնալու ցանկության մասին է»:

Բեմադրության նկարչական ձևավորումը կատարել է Կարինե Բաբայանը, ռեժիսորի օգնականը Հրաչյա Գյումբալյանն է, իսկ ռեժիսորը՝ Սամսոն Մովսեսյանը:

«Մենք ներկայացումն ընկալում ենք, որպես հարգանքի տուրք, որպես խոնարհումի ժեստ մեր անվանի արտիստներին, որոնք իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրել են այս մասնագիտությանը, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է»․ մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Արա Խզմալյանը նաև նշեց, որ շատ ուրախ է նման ձևաչափի համար, ըստ նրա ամենավտանգավոր երևույթը ստեղծագործող մարդու համար՝ կայուն կենցաղն է, կայուն միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմն է, իսկ այս ձևաչափը ամբողջովին այլ է՝ տարբեր թատրոններից հավաքվել են դերասաններ և ստեղծվել է այնպիսի բազմազանություն, որի համագործակցության շնորհիվ ստեղծված արդյունքը միայն օգուտ է բերելու թե դերասաններին մասնագիտական առումով, և թե հասարակությանը։

Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը գաղափարը համարում է ժամանակակից․ «Այսօր, երբ աշխարհում վերանում են ամեն տեսակի սահմանները, առավել ևս՝ մշակութային, ժամանակն է, որ մենք վերացնենք մեր մոտ եղած թատերական աղանդավորական սահմանները»։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829