Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ. ՀՀ վարչապետ

Փետրվար 27,2020 15:44

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Զեկույցի համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ վարչապետի կողմից պարբերաբար հայտարարված «Նոր Հայաստանի մասին 100 փաստերը»: Զեկույցի կառուցվածքը համապատասխանում է կառավարության ծրագրի կառուցվածքին և ներառում է 8 բաժին՝ իր ենթաբաժիններով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զեկույցին, նշել է. «Կարծում եմ՝ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևոր հատվածներից մեկն է և նկատի ունեմ ոչ միայն կառավարության ընդհանուր առմամբ, այլև յուրաքանչյուր նախարարության: Կարծում եմ, որ այսօրինակ զեկույցները և զեկույցում կոնկրետ սեգմենտների առկայությունը ցույց է տալիս նաև այս կամ այն նախարարության աշխատանքի որակը, այդ թվում՝ 100 փաստերը, որ արդեն 3 անգամ հրատարակել ենք: Ընդ որում՝ կարելի է ինքնաստուգում անել. ես առաջարկել եմ նախարարություններին անել ինքնաստուգում և ստուգել, թե այդ 100 փաստերի մեջ որ փաստն է վերաբերում այս կամ նախարարությանը, գերատեսչությանը և ըստ այդմ՝ կարելի է նույնիսկ աշխատանքի որակի սեփական գնահատում անել»:

Այնուհետև վարչապետն հրապարակել է զեկույցի նախաբանը: «2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7%-ով աճի կարևոր արտահայտություններից է:

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնել հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները։

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:

Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, և այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 5.8%-ով: 2019թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացվել է մինչև 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչև 52%-ով: 2020թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել և սահմանվել է 68 հազար դրամ:

Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների և 3,307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել է նաև 21,785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն աճել են 26.1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2.85 միլիարդ ԱՄՆ դոլար մակարդակի: Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16.4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19.3%-ով կամ 527 միլիարդ դրամով:

Միջազգային վարկանիշային գործակալությունները, արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես՝ «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի»,- նշված է զեկույցում։

Միջազգային համագործակցություն. ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թ.-ին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, ավելի քան 600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը պահպանվում է, երկարացվում է ևս մեկ տարի: Դա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, և մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, և պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»:

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ նշված ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ՀՀ-ից երրորդ երկրներ։ Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829