Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգի համար նոր հարթակ է ստեղծվում. Արմեն Գրիգորյանը վարչապետին լրացնում է

Փետրվար 27,2020 15:36

Այսօր ԱԺ-ում մեկնարկեցին ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքները:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս հարթակը կնպաստի անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդման, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ ունենալուն:

Հարթակը կհանդիսանա հանձնաժողովին կից խորհրդակցական մարմին. «Հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում խոսել ու բարձրաձայնել Զինված ուժերում եղած տարատեսակ խնդիրների մասին եւ տարբեր կողմերի ներգրավմամբ փորձում ենք լուծումներ գտնել դրանց: Ըստ համատեղ ընդունած հայեցակարգի, հարթակի հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի, բռնության կիրառման վերահսկողությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտում ներքին վերահսկման մեխանիզմները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության մատչելիությունը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց. «Ժողովրդավարությունը հանդիսանում է երկրի անվտանգության անքակտելի մասը: Ինչքան Հայաստանում բարձր է ժողովրդավարության մակարդակը, այնքան բարձր է ՀՀ-ում անվտանգությունը: Համադրելով օրենսդիրի, գործադիրի ու քաղհասարակության ներուժը՝ մենք կարող ենք ավելի մեծ արդյունքներ ապահովել եւ բարձրացնել անվտանգությունը: Ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ ինստիտուտների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ նաեւ կարողությունները: Դեռ մարդկությունը կամ որեւիցե պետություն մաքսիմալ ձեւով չի գտել լուծում՝ անվտանգության ոլորտի ինստիտուտները բաց լինելու լավագույն մեխանիզմների համար, այստեղ մենք պետք է առաջնորդվենք մաքսիմալ բաց լինելու տրամաբանությամբ, երբ այն չի վնասում անվտանգությանը»:

Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց քայլերով ավելի են մեծացնելու քաղաքացիների անվտանգությունը. «Շատ է քննարկվել մեր հասարակությունում, թե ժողովրդավարությունը արդյոք կարո՞ղ է վնաս հասցնել, եւ ժողովրդավարությունը հայկական ավանդույթներ ունեցո՞ղ է: Վարչապետը վերջերս նշել է, որ այդպիսի երկու իրադարձություն է եղել՝ 88-ի շարժումը եւ թավշյա հեղափոխությունը, որոնք իրենց բնույթով ժողովրդավարական են, ես դրան կավելացնեի «Որոգայթ փառացի» պատմությունը, որը մեր ժողովրդավարական ավանդույթների լավագույնս արտացոլող գաղափարներից մեկն է. «Մենք ունենք ժողովրդավարության պատմություն: Մենք կարող ենք հենվել պատմության վրա, համոզված ենք, որ ժողովրդավարությունը նաեւ հայկական երևույթ է եւ մենք կարող ենք ժողովրդավարությունը զարգացնելով՝ զարգացնենք մեր պետական ինստիտուտները ու ունենանք ուժեղ պետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829