Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`պատասխանելով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը եւ ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն եւ առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաեւ, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարեւորությունը՝ ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»,- ասել է դեսպանը:
Առհասարակ, դեսպանը համոզված է, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերություններն այսօր էլ են պահպանվում. «Սա երկու եղբայրական երկրների, ժողովուրդների դարավոր հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում`թե մշակույթի, թե պատմության, թե հոգեբանության առումով»։ Երկկողմ լավ հարաբերություններն, ըստ դիվանագետի, արտացոլվում են բարձր մակարդակի եւ բավական ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, տնտեսական համագործակցության զարգացմամբ, անվտանգության ոլորտում համագործակցության մակարդակի բարձրացմամբ եւ այլն:
Լրագրողներից մեկը դեսպանին հարց է ուղղել նաեւ գազի սակագնի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ: Դեսպանն ասել է, որ հարցին մանրամասնորեն չի տիրապետում, ուստի չի կարող հստակ պատասխաններ տալ, բայց չի կարծում, թե այդ հարցը կռվախնձոր կդառնա երկու պետությունների հարաբերություններում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային