Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխային չեմ հարվածել իմ մեքենայով, նա է դիպել եւ ընկել». Դավիթ Սանասարյան

Փետրվար 27,2020 14:36

«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ես չէի կարող կանխարգելել այդ վթարը: Մասնագետը, օգտագործելով ելակետային տվյալներ, եկել էր եզրահանգման, որ ես չէի կարող կանխարգելել այն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը 2019թ.-ին երեխայի է վրաերթի ենթարկել:

«Ոչինչ չի փոխվել՝ ես եմ տեսել, որ երեխան ցատկել է իմ մեքենայի ուղղությամբ: Ես երեխային չեմ հարվածել իմ մեքենայով, նա է դիպչել եւ ընկել, որի հետեւանքով ինձ համար կասկածելի պայմաններում ստացել է վնասվածք»,-նշեց Դավիթ Սանասարյանը: Նրա փոխանցմամբ՝ փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը, եւ քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՖԲ իր էջում անդրադարձել էր Դավիթ Սանասարյանի համանման պնդումներին, թե փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը. «Ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել»: Տիգրան Աթանեսյանը մասնավորապես գրել էր. «Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝

Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ. Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:

Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829