Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հավաքել ենք ընտրություններին մասնակցած 1550 ընտրողների շուրջ 1000 ձայնը և, կարծում ենք, իրավասու ենք խնդրելու փոխել համայնքապետի ժ/պ-ին, որն իր գործողություններով կորցրել է մեր վստահությունը». Նորաշենի ավագանու անդամների բաց նամակը

Փետրվար 27,2020 14:55

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
պարոն Սուրեն Պապիկյանին

Հարգարժան նախարար Ձեզ են դիմում Արարատի մարզի Նորաշեն համայնքի նորընտիր ավագանու 6 անդամներ համայնքում ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակի կապակցությամբ:

Ընտրվել ենք 2019թ դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 24-ի մեր առաջին նիստում ուղերձով դիմել ենք համայնքի բնակիչներին և Արարատի մարզպետ Գ.Սարգսյանին գյուղում տիրող իրավիճակի հետ կապված, ցույց տվել, որ իրավիճակի պատճառը նախկին համայնքապետի լիազորությունների դադարեցման և նրա հակառակորդին համայնքապետի ժ/պ նշանակելն է: Որպես ժամանակավոր լուծում մարզպետին առաջարկել ենք փոխել ժ/պ-ին և նշանակել ում ուզում է:

Հունվար ամսին ժ/պ-ի ապօրինի և ամենաթող գործողություններով, իրավիճակն ավելի է սրվել: Նա 2019թ. դեկտեմբերի վերջին կարգադրությամբ ինքն իրեն, ընդամենը 3 ամիս աշխատելով, պարգևատրել է 300 000 դրամ գումարով, երբ աշխատավարձը 205 000 դրամ է, իսկ ս/թ հունվարի 8-ին առանց հաշվի առնելու աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, աշխատանքից ազատել է համայնքապետի տեղակալին:

Ելնելով ստեղծված իրավիճակից ս/թ հունվարի 10-ին ավագանին հրավիրել է արտահերթ նիստ և որոշմամբ պարտադրել համայնքապետի ժ/պ-ին ետ մուծել աշխատավարձից ավել ինքն իրեն պարգևատրած 95000 դրամը՝ հիմնվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների վրա որը նույնականացվում է համայնքային ծառայողներին, և աշխատանքի վերականգնել տեղակալին: Այդ մասին գրավոր տեղյակ է պահվել մարզպետին: Համայնքապետի ժ/պ-ի իրավունքն էր նորից հրավիրել ավագանու նիստ և փորձել համոզել հակառակի մեջ: Չհաջողվելու դեպքում դիմել դատարան: Բայց մեր ժ/պ-ը, բանի տեղ չդնելով ավագանու որոշումը, նոր մարդ է նշանակում տեղակալ և ետ չի վերադարձնում պարգևավճարը: Դա ցույց է տալիս նրա ոչ միայն «ինչ ուզեմ կանեմ»-ը այլև արհամարհանքը օրենքների նկատմամբ: Ստիպված մենք ընդունելություն ենք խնդրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից: Մեր հանդիպումը շատ կառուցողական էր, մարզպետը ողջունեց մեր ձեռնարկումները: Համայնքապետի կողմից կատարած անօրինականությունները նա խոստացավ ուսումնասիրել, լսել նաև մյուս կողմին և գրավոր պատասխանել մեզ: Խոստացավ պարգևավճարը ետ մուծել տալ բյուջե: Մյուս հարցերին իրավաբանական լուծում տալ: Մենք մարզպետին ներկայացրեցինք նաև ժ/պ-ի կողմից կատարած կոռուպցիոն գործարք, նոր տարվա միջոցառմանը երեխաներին 350 նվերների մասով (մանրամասները այդ և մյուս գործարքների մասին առանձին բացատրությամբ): Մարզպետը մեր հանդիպումից հետո այդ գործը ուղարկել է դատախազություն:

Մի քանի օր անց մենք ստանում ենք մարզպետի գրությունը կապված 10.02.2020թ. ավագանու արտահերթ նիստի հետ, ուղղված Նորաշենի ավագանուն, որից ինքը հաստատ տեղյակ չի: Գրության առաջին էջում երկար-բարակ պարզաբանվում է համայնքապետի տեղակալի հաստիքի գոյության անհրաժեշտությունը, քարտուղարի պարտականությունները, որը կապ չունի ավագանու որոշման պահանջի հետ, այն է վերականգնել տեղակալին իր պաշտոնում, քանի որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները:

Ինչ վերաբերվում է պարգևավճարին, մեզ տեղեկացնում են, որ պարգևավճարի առավելագույն չափ չկա, բայց պայմանավորվել են, որ աշխատավարձից ավել ստացած գումարը ետ վերադարձնի: Եթե առավելագույն չափ չկա, ինչու է աշխատավարձից ավել ստացածն է ետ վերադարձնում, թող լրիվ ետ տա(ուրեմն ինչ որ բան կա, որ նշում են աշխատավարձից ավել ստացածը ): Իսկ վերջում ծանր ու մեծ մեզ դաս են տալիս թե ինչպես գրություններ և որոշումներ կազմել:

Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, երբ հիշում ես 2019թ. սեպտեմբերի 10-ի Նորաշեն համայնքի չգիտես ավագանու նիստի, թե մի քանի անդամների կողմից կազմած այսպես կոչված արձանագրությունը, որը հիմք է հանդիսացել ընտրված համայնքապետի լիազորությունների դադարեցման համար, որտեղ բացակայում է արձանագրության համարը, նիստը վարողի, քարտուղարի ստորագրությունները, կնիքը և օրենքի այլ պահանջները: Արձանագրության մեջ գրված է «…Նորաշեն համայնքի ավագանին կազմում է սույն արձանագրությունը …»:

Եթե ավագանի է, ապա այն իրավազոր է 5 անդամների ստորագրությամբ: Իսկ եթե ավագանու մի քանի (4) ստորագրությամբ արձանագրություն է, ապա այն հակասում է «ՏԻՄ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին: Փաստաթուղթ կազմողը չգիտի «դադարել» և «դադարեցնել» հասկացողությունների տարբերությունը: Ավագանու մի քանի անդամների կողմից կարող են արձանագրությամբ փաստել լիազորությունների դադարումը: Իսկ լիազորությունները կարող են դադարեցվել ավագանու նիստին (ավագանու նիստ նշանակում է նվազագույնը 5 անդամ ) ներկա անդամների ձայների 2/3-ով ( ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետ ): Հիմա Ձեզ մոտ գտնվող փաստաթուղթը ավագանու նիստի արձանագրություն է, թե մի քանի անդամների կողմից կազմված արձանագրություն: Կամ էլ կազմողը մեր կազմած արձանագրությունները քննադատելուց առաջ բարի լիներ կարդալ համայնքապետի ժ/պ-ի կողմից գրած անգրագետ որոշումները և կարգադրությունները:

Եվ վերջինը, միթե այդ գրություն կազմողը մինչև օրս չգիտի որ ավագանու նիստերը ավագանին չի արձանագրում: Մենք կազմում ենք նախագիծ, ստորագրում և հանձնում ենք համայնքապետարանի աշխատակազմին: Թող բարի լինեն ճիշտ արձանագրեն: Եվ այն բոլորը ինչի մեջ փորձում է մեղադրել մեզ , ամբողջովին իր մեղքն է, որ համայնքապետարաններում նորմատիվ ակտերի կազմումը պատշաճ մակարդակի վրա չի դրված: Այս բոլորն իմանալուց հետո գյուղացիները ավելի են բորբոքված և շատերը հայտնում են, որ հողի հարկերը չեն մուծելու «մենք մեր բերանից կտրենք մուծենք, իսկ ժ/պ –ը իրեն պարգևավճար տա, և ձեռքը մտցնի երեխաների նոր տարվա տոպրակների մեջ»:

Հարգարժան նախարար մենք միտք չունենք Ձեզ հոգնեցնել, բայց ստիպված ենք: Հիմա համայնքային բյուջեի հաստատման մասին: Փետրվարի 17-ին ավագանին նիստում նորից անվստահություն հայտնեց ժ/պ –ին և չհաստատեց 2020թ. բյուջեն: Հունվար ամսին մեզ տրամադրվեց փաստաթղթերի մի կապոց, որտեղ բացակայում էին հիմնավորող փաստաթղթերը: Լրացուցիչ պահանջել ենք հիմնավորումները, որի պատճառով հունվարի 31-ի նիստը հետաձգվեց: Տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ այն ինչ կատարել է ժ/պ-ը 3 ամսվա ընթացքում, կատարվել է կամ լուրջ խախտումներով կամ կոռուպցիոն միտումներով ( մանրամասները առանձին բացատրությամբ ): Անզորությունից կատաղած ժ/պ-ը արշավանք է սկսել համայնքապետարանի օպերատոր Անուշ Աբրահամյանի նկատմամբ, որի ամուսինը ավագանու անդամ է (ուժը նրա վրա է պատում): Փետրվարի 3-ին կարգադրություն է ստորագրում Անուշ Աբրահամյանին նկատողություն հայտարարելու մասին: Այս կարգադրությունը կարող է դասվել «հիմարություններ» թանգարանի լավագույն նմուշներ շարքում: Ձեզ ենք ուղարկում մեկ օրինակը վերծանելու համար: Օպերատորը, ժ/պ-ի պահանջով, բացատրություն է ներկայացրել իր պարտականությունների մասին, գրել որ ինքը իրավունք չունի տրված նյութը խմբագրելու, ուղղելու և խնդրել թեկուզ մեկ օրինակ բերել, որ ուշացրել է համացանցում տեղադրելը և այլն: Եվ մեր ամենագետ ժ/պ-ը, հիմք ընդունելով բացատրությունը, և էլի ինչ-որ անհասկանալի հոդվածներ նկատողություն է հայտարարում, հիմք ընդունելով համայնքապետարանի պաշտոնական կայքի վարման մասին Ա. Աբրահամյանի բացատրությունը:

Աբսուրդ, ոչ մի կոնկրետ մեղադրանք և նկատողության մասին օպերատորին տեղյակ է պահվում փետրվարի 18-ին 15 օր հետո: Հունվարի 17-ին,երբ ավագանու կողմից մերժվեց 2020թ-ի բյուջեի հաստատումը, ժ/պ-ը օպերատորին տալիս է 2-րդ նկատողությունը, փետրվարի 4-ին ( կարգադրությունից 13 օր առաջ ) աշխատանքի վայրում, աշխատողին ոչ հարիր պահվածքի, «ղեկավարության» հանդեպ անհարգալից վերաբերմունքի և 17:15-ին աշխատավայրը լքելու համար: Պատկերացնում եք երիտասարդ կին, հայոց բանակում ծառայող երկու որդիների մայրը, առանց պատճառի հարձակվել է «ղեկավարության» վրա և այնքան է նսեմացրել ժ/պ-ին, որ խեղճը, համեստության և բարեկրթության տիպար, ստիպված, արտասուքը աչքերին, դուրս է եկել սենյակից և 13 օր անց նկատողություն հայտարարել: Մոռանում է, որ ինքը այդ օրը այնքան լպիրշ և գազանավարի է իրեն պահել, որ օպերատորի ուշագնացության պատճառով, ստիպված բժիշկ են հրավիրել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել և բժշկի պահանջով նա լքել է աշխատավայրը 17:15-րոպեին: Հաջորդ մի քանի օրերին բժիշկը չի թույլատրել աշխատանքի ներկայանալ, դեղամիջոցներ է նշանակել և անաշխատունակության թերթիկ տվել:

Ի՞նչ գնահատական տալ այս վարքագծին: Եվ այս բոլորը կատարվում է մարզպետարանի աչքի առաջ: Ի՞նչ անենք մենք, ի՞նչ անի ավագանու անդամ՝ Անուշ Աբրահամյանի ամուսինը ( լավ է, որ որդիները ծառայության մեջ են): Հիմա պատկերացնո՞ւմ եք, գյուղում տիրող լարված իրավիճակը,և մեզնից ինչ ջանքեր են պահանջվում լուրջ բախումներից խուսափելու համար, ինչին ձգտում է պաշտոնակատարը քանի որ հայտարարում է, որ ղեկավարությունը իրենն է, ոստիկանությունը իրենն:

Պարոն նախարար, այդ լարվածությունը փոխանցվել է դպրոց, ընտանիքներ, փողոց, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է անպայման մի բան պատահի, որ նոր վիրահատական գործողությունների գնաք: Մարզպետին, հանդիպման ժամանակ հստակ ասվել է, որ չի կարելի ուշացնել, հարկավոր է փոխել ժ/պ-ին,ում ուզում ես նշանակի, թեկուզ մարզպետարանի աշխատակցի մինչև ընտրությունները,և գյուղը կհանգստանա: Մարզպետը պատասխանել է՝ քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում պետք է սպասենք դատարանի որոշմանը: Վարչական դատարանը փետրվարի 4-ին դեռևս նիստը չսկսված հետաձգել է մայիսի 21-ին, մի հատ էլ կհետաձգի օգոստոսին և այսպես շարունակ: Մենք չենք դիմել դատարան և մեզ չի հետաքրքրում, թե ինչ որոշում կկայացնի:

Մենք պահանջում ենք, ընդամենը մի կարգադրությամբ փոխել ժ/պ-ին, լարված կրքերը կհանգստանան: Բայց Արտաշատի ոստիկանապետի մոտ հանդիպման ժամանակ ժ/պ-ը հայտարարեց, որ 3 անգամ դիմել է մարզպետին իրեն փոխելու խնդրանքով, բայց մարզպետը մերժել է:

Ստացվում է, որ գյուղի այդ լարված, պայթունավտանգ իրավիճակի ստեղծողը մարզպետն է: Ուրեմն այսուհետև ինչ պատահի ամբողջ պատասխանատվությունը մնում է մարզպետի վրա:

Իսկ եթե փոխվի մենք լրջորեն կքննարկենք 2020թ բյուջեն, մեր դիտողություններով հանդերձ կհաստատենք այն և կանցնենք հանգիստ ստեղծարար աշխատանքի: Եվ ով կփորձի խանգարել համայնքապետարանի և ավագանու ռիթմիկ աշխատանքը, արժանի հակահարված կստանա:

Մենք, ավագանու 6 անդամներով, հավաքել ենք ընտրություններին մասնակցած 1550 ընտրողների շուրջ 1000 ձայնը և, կարծում ենք, իրավասու ենք խնդրելու Ձեզ և մարզպետին՝ փոխելու համայնքապետի ժ/պ-ին, որը իր գործողություններով կորցրել է մեր և ոչ միայն մեր, վստահությունը, և մենք չենք կարող նրան համայնքի բյուջե վստահել:

Նորաշեն համայնքի ավագանիներ՝ Սամվել Մինասյան

Գարեգին Գրիգորյան

Լիպարիտ Եփրեմյան

Արմեն Չոբանյան

Նորայր Առաքելյան

Հարություն Կիրակոսյան

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ժ/Պ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2019թ. դեկտեմբերի 16-ին Նորաշենի համայնքապետարանը «ՍԱՄԻԿ և ՎԱՐԴԱՆ» ՍՊԸ –ից ձեռք է բերել նոր տարվա հանդիսության ժամանակ երեխաներին բաժանվող նվերներ: Հաշիվ – ապրանքագրում նշված է, որ ձեռք է բերվել 350 հատ նվեր 294760 դրամ արժողությամբ և նույն խանութից գնվել է «Ձմեռ պապիկ և ձյունանուշիկ» ծառայությունը՝ 55000 դրամ արժեքով: Ընդամենը ՍՊԸ –ին փոխանցվել է 349700 դրամ: Ամեն մի նվերի արժեքը կազմել է 842 դրամ:Մենք ճարեցինք 3 տարբեր տոպրակներ: Մեկը քանդելուց հետո պարզվեց , որ նվերների մեջ տղաների համար 1 փոքր տոպրակ կոնֆետ է մեկական դիմակ, պլաստմասայից փոքր թուր, իսկ աղջիկներին աբադոկ: Բոլորի մեջ էլ նույն կոնֆետներն են՝ 150-185 գրամի չափով,որը մեր հաշվարկով կազմում էր 250-300 դրամ: Դրան գումարած խաղալիքների, ցելոֆանե տոպրակների արժեքը ամենաշատը կազմում է 500-550 դրամ: Ուր է շուրջ 300 դրամը, որը կազմում է 105000 դրամ: Այդ խանութը, եթե ինքն է լցրել կոնֆետների տորակը, այդ դեպքում ինչո՞ւ է տոպրակի վրայից բացակայում դրոշմաթուղթը,որտեղ գրված կլիներ յուրաքանչյուր տոպրակի քաշը և արժեքը:Մեծ տոպրակի վրա բացակայում է կատարողի անվանումը և պատվերի քանակը: Հարց՝ որտեղ են պատրաստված, և որտեղ են լցված տոպրակները: Բացակայում է հանձնաժողովի կողմից բախշման փաստաթուղթը: Տվյալ խանութը իրավունք չուներ ծառայություն մատուցելու Ձմեռ պապն և ձյունանուշը դրված չէր խանութի դարակների վրա: Չկա պայմանագիր և հարկերի մուծման անդորրագիր:

Այդ բոլորի մասին մեր կողմից բացատրություն է տրված Արտաշատի ոստիկանությունում և տրված է նաև այդ նվերներից 2 տոպրակներ: Քննությունը ընթացքի մեջ է և սպասում ենք, որ գումարը կվերականգնվի համայնքի բյուջե:

2019թ. դեկտեմբերի 11-ին Նորաշենի համայնքապետարանը պայմանագիր է կնքում «ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ Նորաշեն համայնքի Սարյան փողոցի մի հատվածում կատարելու խճապատման աշխատանքներ, որի նախագծային արժեքը կազմում է 825730 դրամ: Պայմանավորվել են աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 20-ին: Պայմանագիրը կնքելուց հետո առանց շաբաթ կիրակի օրերն հանգստանալու, աշխատանքները ավարտել են 4 օրում, դեկտեմբերի 15-ին կիրակի օրը,ստուգել են կատարված աշխատանքների որակը, և դեկտեմբերի 16-ին 825730 դրամ փոխանցվել է կատարող կազմակերպությանը: Ըստ ծավալաթերթի այդ հատվածում շուրջ 1750 ք/մ նախ հարթեցվել է, 88 խ/մ խիճը տեղափոխվել է 3 կմ հեռավորությունից և հողախառն խիճը այդ տարածքում փռվել և հարթեցվել է 5 –սմ հաստությամբ: Բացակայում է տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն,կամ գոնե ինչ-որ հանձնաժողովի եզրակացություն, որը գործը 100% ավարտվել է: Բա ինչի հիման վրա է ընդունվել կատարված աշխատանքը, միայն ժ/պ –ի ստորագրությամբ և կնիքով: Հարց է նաև թե ոնց է կատարվել «ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի ընտրությունը,որը ոչ մի մեխանիզմ չունի, և ով է երաշխավորել(իհարկե այդ բոլոր հարցերի պատասխանները մենք գիտենք):

Իսկ փողոցը տեղում է թող մեկը գա և ասի, որ այն հիմնովին հարթեցվել է, և այնտեղ 5սմ հաստությամբ խիճ է լցվել ու հարթեցվել:

Այդ մասին գրավոր տեղեկացվել է Արարատի մարզպետին:

2019թ,նոյեմբերի 15-ին «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը պայմանագիր է կնքում «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ- ի հետ մանկապարտեզի կոյուղագծի հիմնանորոգման համար: Կոյուղագծի այդ հատվածը գտնվում է մանկապարտեզից 200-300 մետր հեռավորության վրա,որից օգտվում են նաև դպրոցը, 10-ին մոտ անհատական տներ: Այնպես որ դա անվանել մանկապարտեզի կոյուղագիծ, դժվար է: Այդ աշխատանքները կազմում են շուրջ 885000 դրամ, որը մանկապարտեզին փոխանցել է համայնքապետարանը, և որը 20.12.2019թ. մանկապարտեզը փոխանցել է կատարողին: Նախ` մանկապարտեզ ՀՈԱԿ-ը իրավունք չուներ իր սահմաններից դուրս գտնվող աշխատանքների համար պայմանագիր կնքելու և վճարելու ուրիշների փոխարեն:

Ով է ստուգել աշխատանքների կատարման ճշտությունը և որակը և որ եզրակացության հիման վրա է փոխանցվել գումարը:

Եվ վերջապես ինչու համայնքապետը ինքը չի պատվիրել այդ աշխատանքը և ում էր պետք այդ շրջապտույտը:

Համայնքապետարանը պատվիրել և ստացել է նոր տարվա փողոցային լուսային զարդեր: Պատվերը կատարված է ինչ-որ մի կազմակերպության,բայց մեզ հայտնի է ով է պատրաստել:

Այդ հարցը մեր կողմից ուսումնասիրության փուլում է: Ավարտելուց հետո Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք:

Եվ վերջապես «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գործունեության մասին, որի վարիչը համայնքապետի ժ/պ-ի կինն է և որի գնումների կազմակերպման, գնանշման, շահող կազմակերպությունների, մթերքների մատակարարման և պահպանման, երեխաների այցելության և 3-րդ խմբի պահպանման հարցը և այլ շատ հարցեր մեր կողմից ուսումնասիրվում են, ձեռքի տակ արդեն ունենք փաստաթղթեր և ուսումնասիրությունը վերջացնելուց հետո կտեղեկացնենք Ձեզ և մարզպետին:

Այսքանից հետո թողնել, որ նման ( առայժմ չենք որակում, քանի դեռ չկա դատարանի վճիռ) ժ/պ-ը տնօրինի համայնքի բյուջեն, մեր կողմից ամենաքիչը հանցագործություն կլինի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829