Այսօր կառավարության նիստից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայրենադարձությանը, մասնավորապես հարցին՝ ինչո՞ւ է բարդ հայրենադարձության գործընթացն, ասաց՝ բարդ է, որովհետեւ երկակի խնդիր կա, մեկը՝ օրենքի հետ է կապված. «Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան բարդացված են, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ, իմ կարծիքով՝ դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո, նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»:
Սինանյանի կարծիքով՝ 2-րդ րդ պատճառը մշակութային է, ասենք՝ մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց. «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»:
Հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո այս խնդիրները չեն լուծվել, օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, որպեսզի խնդիրը լուծվեր, գործընթացը հեշտանար, Սինանյանը պատասխանեց. «Ըստ իս, որովհետեւ պետության ուշադրությունը եւ ռեսուրսը սեւեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որով այդ կինը մի շարք խնդիրներ էր ներկայացրել հայրենադարձության եւ երկքաղաքացիություն ստանալու գործընթացում:
Փաշինյանը հանձնարարել էր պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին էլ՝ ազատել աշխատանքից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ