Լրահոս
Օրվա լրահոսը

Հիտլերի « Mein Kampf»-ի, Ֆրիդրիխ Նիցշեի գրքերի վաճառքը կարգելե՞ն. կառավարությունը քրեականացնում է ատելության քարոզը, դրա տարածումը

Փետրվար 27,2020 13:40

«Պատկերացրեք իրավիճակ, երբ դատարանում քննվում է քրեական գործ, որով ամբաստանյալը մեղադրվում է անչափահասին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Այս անչափահասի ծնողները դատարանում ասում են`սրան պետք է մորթել, կախել: Սա հիմք հանդիսանո՞ւմ է այս նախագծով դատելու այդ մարդկանց: Եթե այո, ո՞նց եք արդարացնում սա, երբ մարդու անչափահաս երեխուն դաժանորեն սպանել են, ինքն իր էմոցիաներից ելնելով նման բան է ասում: Դուք ո՞նց եք հաշվարկել այն սահմանը, որը ճիշտ պետք է գծել»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այս իրավիճակն այսօր նկարագրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` հարցն ուղղելով ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին:

Փոխնախարարը, ինչպես տեղեկացրել ենք, ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

Նախագծով առաջարկվում է ատելության խոսքի համար քրեական պատասխանատվություն սահմանել: Օրինագծով ատելության խոսքի ոչ բոլոր դեպքերի համար են քրեական պատասխանատվություն սահմանված, միայն բռնության կոչերի, քարոզի եւ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար: Քրեական պատասխանատվություն սահմանելու պարագայում պարտադիր պայման է դրանց հրապարակային բնույթը եւ այն, որ կոչն ու քարոզը պայմանավորված են անձի կոնկրետ հատկանիշով`սեռ, կրոն եւ այլն: Նախագիծը հետադարձ ուժ չունի:

«Այդպես որ լինի, հիմա այս երկրում շատ պաշտոնատար անձանց… հիմա արդեն պետք է մտածել դրանց մասին: Հիմա արդեն ամեն օր սպառնալիքներ ենք ստանում`«թաղեմ քեզ, գլուխդ ջարդելու եմ», մեր ելույթների համար: Հիմա այդ գաղտնի էջերից այդ թաղման բյուրոյի աշխատակիցներին ո՞նց ենք հայտնաբերելու, այս նորմը ո՞նց ենք կիրառելու»,- շարունակեց պատգամավորը:

Գեւորգ Պետրոսյանի համար նախագիծն իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: Հետագայում այս մասով ընդդիմադիր պատգամավորի հետ համաձայնեցին նաեւ հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, այս նախագծով ամբողջ իրավապահ համակարգի ուշադրությունը սեւեռում ենք այդ ուղղությամբ. «Ով ում մի հատ սպառնաց, բռնության կոչ արեց`պետք է տանեն եւ քրեական պատասխանատվության ենթարկեն»:

«Դրվագային օրինակ է, որը իրավակիրառ պրակտիկայում հեշտ լուծում կստանա եւ այդ մարդիկ տույժի չեն ենթարկվում, քանի որ այս հանցակազմը չի վերաբերվում այդ դեպքերին»,- պատգամավորի բերած օրինակին այսպես արձագանքեց փոխնախարարը` հավելելով, որ նախագծի հիմնավորումներում հստակ նշվում են այն դեպքերը, որոնք նախատեսված են այս պատասխանատվության համար:

«Դուք ասում եք`այսպես չի որակվի, այնպես չի որակվի: Դա ձեր ցանկությունն է»,- հակադարձեց Գեւորգ Պետրոսյանը` հավելելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է, որ նորմը ենթակա է մեկնաբանման տառացի. «Ո՞վ է ասել, որ նշածս դեպքում գործ չի հարուցվի»: Փոխնախարարը պնդեց` իրավական որոշակիությունը դոգմա չէ, այդ նորմերը հղկվում, շտկվում են իրավակիրառ պրակտիկայում եւ քանի որ նախագծում ամրագրված հատկանիշները Սահմանադրությունից են վերցված, դրանք որոշակի են, միջազգային պրակտիկայում կիրառվում են, ուստի փոխնախարարը չի կարծում, թե խնդրահարույց են:

Հարցի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ ծառայել է բանակում եւ ճաշարան գնալիս զինվորները երգեր էին երգում, որոնք կարող են այս հոդվածի տակ մտնել: Դրանք հայրենասիրական բոլոր երգերն են`«Մենք պետք է կռվենք եւ ոչ թե լացենք, ազգի պատիվը զենքով ետ բերենք, ամոթ այն հորը, որ չի տանում որդուն կռվի…» եւ այլն: Պատգամավորը վերջերս նաեւ մի ներկայացում է դիտել`ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ասաց`այս նորմի կիրառման պարագայում, ներկայացումից հետո բոլոր դերասաններին կարելի էր միանգամից տանել: Նա հստակեցրեց հարցը`գրական-գեղարվեստական ստեղծագործություններին վերաբերո՞ւմ է նախագիծը, տարածելը միայն ֆեյսբուքում տարածե՞լն է, եւ եթե ինքը նախկինում արտահայտված բռնության դեպքերը հիմա կարո՞ղ է տարածել, օրինակ, պատմության դասընթացի ժամանակ: «Կարթագենի ոչնչացումը, օրինակ», ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Սիսակ Գաբրիելյանը նաեւ հետաքրքրվեց`նաեւ, օրինակ, ինչ-որ մեկն ասում է «Սուրեն Գրիգորյանին պետք է կախել», բայց դա ոչ ազգային պատկանելության հարց է, ոչ ռասայական, ոչ կրոնի, ոչ էլ սոցիալական ծագման. ի՞նչ անել: Նրան հետաքրքրում էր` ինչո՞ւ պաշտոնական դիրքը չի հստակեցվել:

Փոխնախարարը հստակեցրեց`կան ձեւակերպումներ, որոնց տակ այդ ամենը կարող է մտնել, բայց նախագծի ուղերձն այն է, որ ատելության խոսք չպետք է լինի առհասարակ, իսկ նախագիծը ամենավտանգավոր դրսեւորումների մասին է եւ ատելության խոսքը ոչ բոլոր վրա է տարածվում: Գրական ստեղծագործությունների դեպքում էլ, եթե միտքը անձի-անձանց նկատմամբ ատելության քարոզն է, կարող է նախագծի տիրույթում ընդգրկվել: Թատրոնում, եթե քողարկված կոչեր կան, կամ ներկայացումը «վատ արտահայտություններ» է պարունակում եւ դա ստեղծագործական մտքի արդյունք է, փոխնախարարը չի կարծում, թե բոլոր դեպքերում պետք է գնալ դրանց ետեւից: Նա ասաց, որ ըստ էության, չափանիշները գնահատողական են եւ կախված են բռնություն տարածող-քարոզողի սոցիալական դիրքից եւ ազդեցությունից:

Վեճի տեղիք տվեց նաեւ Սիսակ Գաբրիելյանի բերած`բակում նարդի խաղացող եւ ընթացքում հայհոյող պապիկների օրինակը: Պատգամավորը չի հասկանում նաեւ`ի՞նչ է նշանակում հրապարակային արդարացնելը կամ հավանության արժանացնելը: Օրինակ, եթե «բութի» նշանը դնի`կդառնա հանցակի՞ց:

Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց. «Այս հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո պետք է գրախանութներում արգելել Ֆրիդրիխ Նիցշեի գրքերը վաճառել, «Իմ կյանքը» գիրքը վաճառել»: Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ, հոդվածով նույնիսկ մեղմացնում եք որոշ միջազգային հանցագործությունների համար պատասխանատվությունը: Նա առաջարկեց լրամշակել նախագիծը եւ քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը: Վլադիմիր Վարդանյանը նկատում է, որ նախագծով պետք է ապահովվի ասածի եւ դրդման պատճառահետեւանքային կապը:

Փոխնախարարի պատասխանները չգոհացրեցին պատգամավորներին: Իրավական որոշակիության հետ կապված խնդիրները չփարատվեցին եւ առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել եւ լրամշակել այն: Փոխնախարարն էլ պնդեց`դեմ է քննարկման հետաձգմանը եւ ասաց, որ կառավարությունում բազմաթիվ քննարկումներ են եղել. «Չենք գրելու արդարացնելը ինչ է նշանակում, քարոզը`ինչ, կոչը`ի՞նչ: Դրանք մեկնաբանման խնդիր են»:

Հարցի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը գործընկերներին առաջարկեց`քվեարկել խղճի մտոք, իսկ ԱԺ ամբիոնից ինքը կներկայացնի հանձնաժողովի կարծիքը:

Նախագծին կողմ քվեարկեցին «Իմ քայլի» հինգ պատգամավորները: Վլադիմիր Վարդանյանը փոխնախարարին հորդորեց`այսուհետ նախագծերի քննարկումներում ընդգրկել նաեւ պատգամավորներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829