Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես ինքն ասաց, մի գաղտնի փաստաթղթի բովանդակությունը մասամբ բացահայտեց: Դա վերաբերում է գենդերային հավասարությանը: Վարչապետը նիստին անդրադառնալով մի քանի զեկույցներին, նշեց նաեւ գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցը, որը վերաբերում է գենդերային հավասարության խնդրին, եւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. «Այստեղ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, եւ սա անթույլատրելի, անընդունելի երևույթ է, եւ սա անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ»:
Փաշինյանը նկատեց՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշով աշխարհում վատթարագույն տեղերում ենք, բայց բնակչության մեծամասնությունը կանայք են. «Մի անգամ հրապարակային ասել եմ, որ մեր ազգային անվտանգությանը առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում կա արձանագրում՝ կանանց դերի վերաբերյալ, որ կանանց դերի ընկալման այն իրավիճակը, որ այսօր ունենք, ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ զեկույցը գրվել է 2014 թվականին, զեկույցում գրվել է՝ կանանց դերի նկատմամբ մեր ընդհանուր ընկալումը սպառնալիք է ստեղծում մեր ազգային անվտանգության համար: Սա կարեւորագույն բան է»:
Վարչապետն ասաց, երբ այս մասին ֆեյսբուքի իր պատին գրել է, մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ ասում էին՝ հնարված բան է. «Կարծում եմ կգա ժամանակը, որ այդ փաստաթղթի այդ հատվածը գաղտնազերծելու եւ հրապարակելու»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հաստատեց՝ կա նման խնդիր, եւ այն մշակութային խնդիր է, որը պետք է լուծվի կանանց դերի բարձրացմամբ, եւ որքան էլ իրավական ակտեր մշակեն, թե օրինակ սեռը չասեն ծնողներին, կամ արգելող, սահմանափակող միջոցառումներով առաջ գնան, միեւնույն է՝ գտնելու են եղանակները եւ ավելի վատ տարբերակով ընդհատելու հղիությունը:
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցրեց՝ մոտակա տարիներին դրական արդյունքներ կգրանցվեն, դրա համար հիմք է կառավարության՝ կնոջ դերը կարեւորող քաղաքականությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ