Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց: Նա անդրադարձավ պետական համակարգում աշխատողներին. «Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ ու սուր արձագանք է գտնում։ Եկեք արձանագրենք հետեւյալը՝ այսօր պետական կառավարման համակարգում դեռ շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձեւակերպել ու ձեւավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Եվ այդ մարդիկ, եկեք արձանագրենք, որ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա։ Ամեն ինչի վրա շատ չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ նախարարության շենք, ամբողջ չարությունը թափում են այդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաեւ նախարարների պարտականությունն է կաբինետներում այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ իրենց։ Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու։ Էսօր մենք էս պրոբլեմն ունենք։ Պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, աղաղակել, որ այս խնդիրը լուծվի»։
Փաշինյանն ասաց, որ չեն պատրաստվում գերանդին առնել, հնձել պետական կառավարման համակարգը, կադրային ջարդ անել. «Եվ այդպես էլ վարվել ենք։ Բայց դա չի նշանակում, որ մեր այդ ցանկությունը պետք է չարաշահվի, այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում։ Ես ասում եմ՝ հերիք է, ժամանակը սպառվել է, այդ մարդիկ պետական կառավարման համակարգից պետք է թողնեն ու գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով։ Կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, մանավանդ հիմա դա հարմար հնարավորություններ է տալիս, կարող է նաև եկամտաբեր լինի։ Հիմա ընդդիմություն լինելը կարող է ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն լինելը, և դա նորմալ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ