Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։
Բայց ի՞նչ տարբերություն, թե բյուջեն ինչպես է դատարկվում՝ գաղտնի՞, թե՞ բացահայտ, օրենքո՞վ, թե՞ անօրինական։ Այսպես թե այնպես, այդ գումարները դուրս են գալիս պետության գրպանից։ Դուրս են գալիս ու մտնում ուրիշի գրպան։ Ի՞նչ տարբերություն՝ դա արվում է օրը ցերեկո՞վ՝ բոլորի աչքի առաջ, թե՞ ներքին կարգով։ Միևնույն է՝ տուժողը պետությունն է ու ժողովուրդը։
Պատկերացնո՞ւմ եք, թե պարգևավճարների տեսքով ինչքան գումարներ են դուրս բերվել պետության գրպանից։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։
Վերջին 1-2 տարիներին պետության հաշվին տրված պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ արդեն մարդիկ կորցրել են նույնիսկ հաշիվը։ Տարբեր գնահատումներով՝ իշխանափոխությունից հետո տրված պարգևավճարների գումարներն արդեն հասնում են 40-50 մլն դոլարի։ Ու գնալով ավելանում են։ Դա դարձել է անընդհատ պրոցես, որը վերջ չունի։
Կարդացեք նաև
Իշխանություններն այլևս ուշադրություն չեն էլ դարձնում, թե ինչ է մտածում այդ մասին ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որին խոստանում էին անվճար ծառայել։
Իշխանափոխությունից հետո անցավ մի քանի ամիս, ու պարզվեց, որ իշխանության եկած ուժերը ոչ միայն մտադիր չեն անվճար ծառայել, այլև քիչ են համարում նույնիսկ այն, ինչ օրենքով հասնում է իրենց։ Ու ելքը շատ արագ գտնվեց։ Օրինականացվեց պետության հաշվին փող աշխատելը։
Եվ ո՞րն է տարբերությունը, նախկիններն էլ էին փող աշխատում պետության հաշվին՝ մի քիչ այլ ձևով։ Նրանք ոչ թե օրենքով կամ կառավարության որոշմամբ էին դա անում, այլ, այսպես ասած, զարտուղի ճանապարհներով։
Բայց միևնույն է, փողը նույն տեղից էր դուրս գալիս։ Այն ժամանակ էլ էր բյուջեից դուրս գալիս, հիմա էլ։ Այն ժամանակ դա անում էին զարտուղի ճանապարհներով, որին ընդունված էր ասել թալան, հիմա անում են բացահայտ։ Բայց դա արդեն, պարզվում է, թալան չէ։ Եվ ոչ միայն թալան չէ, այլև արդարացված է, որովհետև պետական համակարգում աշխատավարձերը ցածր են, մարդիկ պատրաստ չեն աշխատել այդպիսի աշխատավարձերով։ Դրա համար էլ լավագույն մասնագետները չեն մնում պետական համակարգում, գնում են մասնավորի մոտ, որտեղ ավելի շատ են վճարում։
Իրականում այդպես է։ Բայց դա չի նշանակում, թե նախկինում այդպես չէր, թե նախկինում աշխատավարձերը բարձր էին, և մասնագետներին համակարգում պահելու խնդիր չկար։ Պարզապես նախկինում այլ տարբերակներ էին գտել դրա համար։ Ու բյուջեում արտաքուստ դա չէր երևում։ Բայց միևնույն է, փողը դուրս էր գալիս բյուջեից։ Այնպես, ինչպես հիմա։ Եվ ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է դա արվում։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում