Ոստիկանների շրջանում դժգոհություն է հասունանում Նիկոլ Փաշինյանի գործողություններից։ Առավել բողոքավորները թոշակի անցած ոստիկաններն են, որոնք շատ հաճախ են առողջական խնդիրներ ունենում։ Բանն այն է, որ փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը։
«Ոստիկանության բյուջետային հայտի քննարկման ժամանակ տեսա, որ շուրջ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար։ Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար։ Ես նայեցի, պարզվեց, որ ոստիկանության շատ չնչին տոկոսին է սպասարկում այս ոստիկանության պոլիկլինիկան։ Եթե ոստիկանների մեծամասնությունն առողջապահական ծառայությունները ստանում է այլ առողջապահական հիմնարկներում, ուրեմն մենք այդ 800 մլն դրամը պետք է ներդնենք այլ տեղ, որպեսզի ոստիկաններն այլ հիմնարկներում ավելի որակյալ ծառայություն ստանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իմքայլական պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչու է լուծարվում ոստիկանության հոսպիտալը։
Ահա այսպես՝ նայում է ու որոշում Փաշինյանը, իսկ նրան առարկողներ համարյա չկան։ Իրականում Փաշինյանի «տեսած» կողմից հնչեցված թիվն ուռճացված է։ Մեր տեղեկություններով, ոչ թե 800 մլն է խնդրել ոստիկանությունը կառավարությունից, այլ ընդամենը 500 մլն դրամ։ Փաշինյանը, եթե ոչ դիտավորյալ, ապա թվերի նկատմամբ իր անփույթ վերաբերմունքի հետեւանքով ճիշտ չի ասում։ Բացի դա, մեկ տարում, ըստ ոստիկանության հաշվետվությունների, բուժվարչությունը բժշկական ծառայություն է մատուցում մոտ 80 հազար մարդու՝ ոստիկանության աշխատողների, նրանց ընտանիքի անդամների, վետերանների։ «Պատկերացրեք, եթե վետերանը, թոշակառու ոստիկանը, որը մի 60 հազար թոշակ է ստանում, գնա «Էրեբունի» հիվանդանոց կամ «Նաիրի» բժշկական կենտրոն, ո՞վ է նրա դեմքին նայելու։ Օրերով սպասել կտան։ Իսկ այստեղ ինչ որ իրենք կարողանում են, արագ անում են, ինչ էլ որ չեն կարողանում, պետպատվերի ուղեգիր են տալիս, եւ մարդը գնում, սպասարկվում է։ Այստեղի հոսպիտալում չեն կարող անտարբեր լինել, որովհետեւ բողոքի դեպքում այդ արհեստական պրոբլեմ սարքողին կկախեն»,- ասում է ոստիկանության նախկին աշխատակիցներից մեկը, որը ժամանակին պարեկապահակային զորքերում է աշխատել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում