Կա անգլերեն մի արտահայտություն՝ «making excuses», որը գրական հայերենով կարելի է թարգմանել որպես գտնել արդարացումներ, պատճառաբանություններ, կամ երեւանյան «ռուսահայ» բարբառով՝ «ատմազկեք»: Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես excuse-ներ ենք փնտրում՝ այս կամ այն բանը չանելու, այս կամ այն մարդը չդառնալու, մեր այսինչ նպատակը կամ երազանքը չիրագործելու համար: Արդարացումները կամ «մեղավորները» կարող են տարբեր լինել՝ տանը՝ ընտանիքի անդամները, աշխատանքի տեղը՝ ղեկավարը կամ նախանձ ու չուզող գործընկերները:
Կան նաեւ ավելի «գլոբալ» պատճառաբանություններ. օրինակ, հայերից շատերը կարծում են, որ իրենց բաղձալի նպատակներին խանգարում են հասնել թուրքերը, հրեաները, մասոնները եւ անգամ… սորոսականները:
Բայց բոլոր ազգերի մարդկանց համար ամենասիրված «ատմազկան» կառավարությունն է, իշխանությունը, «ռեժիմը»: Ինչո՞ւ եմ ես աղքատ, դժբախտ, չկայացած: Միանգամայն պարզ է. իմ կառավարությունն ինձ համար պայմաններ չի ստեղծել, որ ես Բիլ Գեյթս կամ առնվազն Սամվել Կարապետյան դառնամ: Ինչո՞ւ եմ ես, աստղաֆիզիկոսի դիպլոմով, Կալինինգրադում ավտոբուս քշում: Սաղ Լեւոնն է մեղավոր: Ինչո՞ւ ես, այդքան սիրելով հայրենիքս, ապրում եմ Գլենդեյլում, ոչ թե Երեւանում: Քանի Հայաստանում իշխանության գլխին թալանչիներն են՝ Սերժի գլխավորությամբ, ես տուն չեմ վերադառնա:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ՝ հայաստանցիներիս, համար այս բազմաթիվ excuse-ներից շատերը վերացել են: Ոչ Լեւոնը, ոչ Սերժը, ոչ էլ, առավել եւս՝ Ռոբերտը, այլեւս իշխանություն չեն, ոչ ոք երկիրը չի թալանում, օլիգարխներ եւ կաշառակեր չինովնիկներ գրեթե չկան: Հետեւաբար, մարդիկ, որոնք գործարարի ջիղ ունեն, կարող են հանգիստ իրենց գործը սկսել եւ հարստանալ: Եթե չհարստացան, ապա դրա համար այլեւս ոչ մեկին իրավունք չունեն մեղադրելու: Հայաստանցին պետք է վերջապես հասկանա, որ իր անձնական ճակատագրի պատասխանատուն միայն ինքն է, էլ ոչ ոք: Ինձ թվում է, այդպես էր միշտ, բոլոր երկրներում եւ բոլոր ռեժիմների ժամանակ: Բայց դրանում մարդկանց շատ դժվար է համոզել: Համենայնդեպս, հիմա այլեւս նախկին պատճառաբանությունները չեն գործում:
Կարդացեք նաև
Իհարկե, հիմա էլ կարելի է սեփական դժբախտությունների համար պատճառաբանություններ գտնել: Օրինակ, «ես երջանիկ եւ բարեկեցիկ կլինեմ եթե
ա/ Սահմանադրական դատարանի դատավորները փոխվեն,
բ/ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորները պաշտոնանկ արվեն,
գ/ բոլոր ՀՀԿ-ականները ձերբակալվեն,
դ/ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» արգելվեն եւ այլն:
Եթե մարդու մտքին կա սեփական նյութական կամ հոգեւոր թշվառության համար արդարացումներ գտնել, նա անպայման կգտնի:
…Վլադիմիր Վիսոցկու երգերից մեկի հերոսը բողոքում է՝ այ, եթե դուք ինձ սթափարանում չփակեիք, ես կդառնայի Հռոմի պապ, այաթոլա կամ էլ կամուսնանայի Ժակլին Քենեդիի հետ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ