«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ զարգացումների կբերեն, քանի որ չգիտեմ, թե կոնկրետ ինչ պետք է լինի այս բոլորի արդյունքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը`պատասխանելով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի եւ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին հարցին:
«Իրականություն է, որ արդարադատության ոլորտում մտահոգություններ կան, եւ դրանք խորացան հատկապես դատարանների ելքերն ու մուտքերը փակելու ժամանակ: Իսկ հիմա՝ սահմանադրական փոփոխությունների հարցը, որը լուրջ դիմադրության հանդիպեց: Այս մասով Եվրոպայից եղան ցուցումներ, թե ինչ պետք է անել: Բայց երկիրը պետք չէ ցուցումներով առաջնորդել: Այսինքն, երբ մենք ստորագրում ենք համաձայնագիր կամ պայմանագիր, մենք գիտենք, որ դրա պայմանները պիտի պահենք, ուստի անհրաժեշտություն չկա, որ ինչ-որ մեկն ասի, թե ի՞նչ անենք: Սա ինձ համար ընդունելի չէ. որեւէ պետություն չպիտի մեզ պարտադրի ինչ-որ բան անել: Մենք էլ մեր հերթին պետք է հարգենք մեր կնքած բոլոր համաձայնագրերն ու դրանց տակ դրված մեր ստորագրությունները»,- ասաց Գասպար Կարապետյանը`հավելելով`քանի որ շատ մանրամասների չի տիրապետում, կարծիք կձեւավորի հանրաքվեի վերջնական ընթացքից հետո:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում