Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները դժգոհում են առցանց գնումներից. բացասաբար է ազդում մրցակցության վրա

Փետրվար 27,2020 14:30

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ երեկ հրապարակվել է «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտությունը»: Այն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ին:

Այս հետազոտությունն իրականացվել է նախորդ տարի, օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝  400 բիզնեսների ղեկավարների եւ այլ պատասխանատու պաշտոնյաների հետ հարցազրույցների միջոցով:

Զեկույցն առանձին ոլորտներով ներկայացնում է տնտեսական մրցակցության՝ գործարարների ընկալումը, մրցակցության վրա ազդող մի շարք գործոններ, գնահատականներ եւ պետական կառույցների գործունեությանը՝ մրցակցությունն ապահովելու տեսանկյունից:

Զեկույցում առանձին անդրադարձ կա առցանց առեւտրի ազդեցությանը՝ բիզնեսի  մրցակցության տեսանկյունից: Ըստ ադմ, հարցված բիզնեսների 14%-ը գտնում է, որ առցանց առեւտրի առկայությունն իրենց մրցակցային հնարավորությունների վրա ունի բացասական ազդեցություն, 86%-ը համարում է, որ առցանց առեւտրի առկայությունը չունի բացասական ազդեցություն:

Զեկույցում նշվում է՝  2000-ական թվականներին ինտերնետային ծառայությունների զարգացումը Հայաստանում  խթանել է նաեւ առցանց առեւտրի զարգացումը, այս տեսակի  բիզնես Հայաստանում իրականացնում են միջազգային փոստային առաքումներ իրականացնող մի քանի ընկերություններ (ShopinAmerica, Onex, Globbing). Դրանք  Հայաստանի սպառողներին կապել են առցանց առեւտրի համաշխարհային այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են «Alibaba»-ն, «Amazon»-ը, «eBay»-ը, «Aliexpress»-ը:

Հետազոտության հեղինակները նկատում են՝ «ShopinAmerica», «Onex», «Globbing»  հայկական ընկերությունները հնարավորություն են տալիս գնումներ կատարել արտասահմանյան այնպիսի խանութներից, որոնք Հայաստանի հանրապետություն առաքում չեն իրականացնում:

Ի՞նչ է առցանց առեւտուրը. աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, միլիոնավոր խանութներ, իրենց վաճառքները խթանելու համար, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ իրենց ծառայությունների մեջ ներառում են ապրանքի գնման առցանց համակարգ եւ առաքում` մինչեւ ընդհուպ  գնորդի բնակարան կամ նախընտրած վայրը:

Զեկույցի հեղինակները նշում են՝ առցանց առեւտրի հետեւանքը դառնում է այն, որ, օրինակ` Երեւանում որեւէ խանութի ցուցասրահում ցուցադրված հագուստը, կոշիկը, համակարգիչը, բջջային հեռախոսը մրցակցում են ոչ միայն Երեւանի մեկ այլ խանութի համանման ապրանքների հետ, այլ նաեւ Մոսկվայի, Փարիզի, Նյու Յորքի կամ Շանհայի խանութների համանման ապրանքների հետ:

«Սա լուրջ մարտահրավեր է տեղական շատ ապրանքների արտադրողների, ներմուծողների եւ մանրածախ առեւտրի կետերի համար: Խնդիրն առավելապես վերաբերվում է հետազոտված 27 բնագավառներից  հետեւյալ 6-ին՝ հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրություն,  համակարգիչների արտադրություն, մանրածախ առեւտուր, տուրիզմ»,-նշվում է հետազոտությունում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ առցանց առեւտրի վերաբերյալ, նշված 6 ոլորտի զարգացման համար բավականին նպաստավոր է, ըստ օրենքի, Հայաստանում  մեկ ամսվա ընթացքում մինչեւ 200 հազար դրամ արժողությամբ եւ մինչեւ 30 կգ քաշ ունեցող ապրանքները ենթակա չեն մաքսազերծման, Ռուսաստանից ապրանքներն, առհասարակ, փոխադրվում են առանց մաքսազերծման։ Հետզոտության հեղինակները նկատում են. «Այս պայմաններում նշված 6 բնագավառներից առաջին 4-ի ապրանքներն (հագուստ, կոշիկ, պոլիգրաֆիական արտադրանք, համակարգիչներ) ունեն մեծ առավելություններ: Անմաքս առեւտրի համար սահմանված արժեքի եւ քաշի պարամետրերն այնպիսին են, որ այդ բնագավառների ապրանքների գնորդները, սպառողներն ունեն առցանց ապրանք գնելու ահռելի ընտրություն (ըստ բրենդի, գնի, գույնի, չափի եւ այլ բնութագրիչների): Օգտվելով այդ հնարավորությունից, գնորդները այդ ապրանքներն ավելի ու ավելի հաճախ են ձեռք բերում արտասահմանյան խանութներում, ինչով դժվարացնում են ՀՀ շուկայում տեղական արտադրողների եւ ներմուծողների կողմից իրենց արտադրանքի վաճառքները»:

Այս ոլորտն ուսումնասիրողները վստահեցնում են՝ մանրածախ առեւտրի կետերի համար առցանց առեւտրի հետ կապված խնդիրները մի փոքր այլ են. այստեղ հիմնականում խոսքը մի քանի սուպերմարկետների կողմից սեփական առցանց՝ օնլայն առեւտրի հարթակների գործարկման եւ առաքման ծառայություններից դժգոհությունների մասին է. «Ինչո՞վ է դա վնասում մանրածախ առեւտրի այլ կետերին: Այսպես՝ երբ սուպերմարկետը, օրինակ` SAS-ը, գնորդներին հնարավորություն է ընձեռում կատարել օնլայն գնում եւ ապահովում է ապրանքի առաքումը, շատ գնորդներ այլեւս չեն մտածում ապրանքը գնել իրենց տան մոտակա խանութում կամ սուպերմարկետում: Այդպիսով` վերջիններս զրկվում են իրենց պոտենցիալ առեւտրի ծավալների մի մասից: Ինչ վերաբերում է առցանց առեւտրից տուրիզմի բնագավառի բիզնեսների դժգոհությանը, ապա հիմնականում խոսքը ավիատոմսերի առցանց գնումների կամ ամրագրումների համակարգի մասին է: Տուրիստական գործակալությունները նշում են, որ այն միջնորդավճարը, որ իրենք կարող էին աշխատել ավիատոմսերի վաճառքի մեջ, այլեւս, որպես եկամուտ, չի գոյանում, քանի որ զբոսաշրջիկները կամ հաճախորդները ավիատոմսեր են գնում` շրջանցելով իրենց»:

Պատրաստեց՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829