Արտակ Բաբախանյանի կինը նախաքննության մարմնին հայտնել էր, որ ամուսինը բուժման համար ապահովված է եղել անհրաժեշտ դեղորայքով, սակայն ամբողջ բուժման ընթացքում 12-մատնյա աղու խոցի մասին խոսակցություն չի եղել եւ բուժումը կատարվել է ենթաստամոքսային գեղձը բուժելու համար:
Բժիշկ Ռուբեն Կանայանը երիտասարդ, երկու երեխաների հոր՝ Արտակ Բաբախանյանի մահվան գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «արգելված արարք կատարելու համար», եւ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
«Բժիշկների գործն» ավարտելու եւ դատարան ուղարկվելու համար պահանջվեց հինգ-վեց տարի:
Առաջադրված մեղադրանքում Ռուբեն Կանայանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակով ցուցմունք տալուց, սակայն հետագայում իրեն վերագրվող արարքի վերաբերյալ ցուցմունք է տվել:
Կարդացեք նաև
Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն, 2020թ. հունվարի 21-ին որոշում է կայացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի վեց բուժաշխատողների՝ Հ. Ս.-ի, Ն. Ն.-ի, Ա. Մ.-ի, Ա. Ծ.-ի, Ա. ՈՒ.-ի եւ Ա. Ն.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նույն օրվա որոշմամբ բժիշկ Ֆ. Խ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ոչ արդարացման, իսկ «Դիագնոստիկա» ԲՄ բժիշկ Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Քամալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նախաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ 37-ամյա Արտակ Բաբախանյանը 2013թ. հոկտեմբեր ամսից ունեցել է առողջական խնդիրներ, այդ պատճառով նոյեմբերի 6-ին ԷԳԴՍ հետազոտություն է անցել «Դիագնոստիկա» բժշկական միավորումում, որտեղ ախտորոշվել է ստամոքսի եւ 12-մատնյա աղու լորձաթաղանթների բորբոքում ու էրոզիվ մակերես, որն իր բնույթով նախախոցային վիճակ է: 2013թ. նոյեմբերի 10-ին Ա. Բաբախանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ կլինիկական ախտորոշմամբ՝ «ՍԻՀ, արտերյալ հիպերտենզիա, շաքարային դիաբետ առաջնակի հայտնաբերված, պանկրեատիտ, ալիմենտար գաստրիտ, քրոնիկ երիկամային անբավարարություն»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, կատարվել են մի շարք հետազոտություններ, ցուցաբերվել է բուժօգնություն։
2013թ. նոյեմբերի 12-ին Ա. Բաբախանյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից եւ նույն օրը բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիական, նեֆրոլոգիական եւ ալերգոլոգիական բաժանմունք։ Այնտեղ զուգահեռաբար կատարվել են նաեւ նեղ մասնագետների հետազոտումներ եւ խորհրդատվություններ։
2013թ. դեկտեմբերի 4-ին Ա. Բաբախանյանի մոտ արձանագրվել է ստամոքսաաղիքային արյունահոսություն եւ նա վիճակի վատացմամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ, ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալ բժիշկը «հիվանդի կյանքի եւ առողջության նկատմամբ հիվանդության պատմագրում արձանագրել, սակայն չի կատարել ամբողջ ծավալով ԷԳԴՍ (կերակրափող- ստամոքստասներկումատնյա աղիքադիտում),… չեն ենթարկել վիրաբուժական միջամտության եւ շուրջ երկու ամիս չախտորոշված 12-մատնյա աղու խոցից պարբերաբար կայացված արյունահոսության հետեւանքով՝ 2014թ. հունվարի 8-ին Արտակ Բաբախանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է»։
Տուժողի իրավահաջորդ կինը՝ Ք. Ավետիսյանը հայտնել էր. «2013թ. նոյեմբերի 10-ին ամուսնու վիճակը վատացել է եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տեղավորվել է վերակենդանացման բաժանմունքում, անցել հետազոտություններ։ Պարզվել է, որ ամուսնու մոտ եղել է ազոտի բարձր մակարդակ, ունեցել է շաքարային դիաբետ եւ բարձր ճնշում… հետագայում նրա մոտ գրանցվել է սուրճի նստվածքի տեսքով արյան հետքեր։ Մինչ այդ՝ բժիշկը ցանկացել է ամուսնուն դուրս գրել հիվանդանոցից, սակայն տեսնելով սուրճի նստվածքի տեսքով արյան հետքերը, վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ մնացել է մեկ օր եւ իր պահանջով տեղափոխվել է հիվանդասենյակ, կրկնել հետազոտումները եւ բուժումը, սակայն այն դրական արդյունք չի տվել եւ ամուսնու վիճակը գնալով վատացել է։ Ամուսինը մշտապես գանգատվել է, ասելով՝ «սրանք ոչ մի բան չեն հասկանում եւ ինձ ճիշտ չեն բուժում»։
Հարազատներից ասել էին, որ Արտակն «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել է թեեւ ցավերով՝ իր ոտքով, սակայն 2013թ. դեկտեմբերի 28-ին բժշկական կենտրոնից դուրս գրվելիս տուն է վերադարձել անվասայլակի վրա՝ հյուծված վիճակում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2020