Լրահոս
Օրվա լրահոսը

Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ

Փետրվար 27,2020 12:30

2028 թվականին լրանում է Հայ Արշակունիների հարստության (66-428 թթ.) հիմնադիր՝ Հայոց արքա Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակը: Այս նշանավոր տարեթիվը ստիպում է վերստին անդրադառնալ Տրդատ Ա-ի գործունեությանը եւ փորձել հասկանալ ու գնահատել նրա դերը հայկական պետականության ամրապնդման եւ զարգացման գործում, մանավանդ որ, կարծում եմ, կա արդարության վերականգնման խնդիր: Խոսքը վերաբերում է Տրդատ  Ա-ի՝ որպես Մեծ Հայքի տիրակալի քաղաքական, դիվանագիտական գործունեությանը, որը եվրոպական պատմագիտությունը, ըստ իս, հռոմեական աղբյուրների եւ պատմիչների (Digesta, L, VII, Codex Theodosianus, VII, 2. De mandatis legatis, Տակիտոս, Դիոն Կասիոս, Պլինիոս Կրտսեր, Սվետոնիոս, Լուկիանոս եւ այլք) ազդեցությամբ ներկայացնում է չափազանց թերի եւ միակողմանիորեն՝ այն է, որպես ընդամենը կռվախնձոր երկու աշխարհակալ պետությունների միջեւ եւ ոչ երբեք ինքնուրույն գործոն: Իր հերթին, հայկական պատմագիտությունը, իմ պատկերացմամբ, փաստացիորեն համարյա նույնությամբ տրվել է ստեղծված եվրոպական կաղապարին: Ընդ որում, Տրդատ Ա-ին նվիրված մենագրություններ ասպարեզում չկան, նրա գործունեությունը տարրալուծված է հայ-հռոմեական, հայ-պարթեւական հարաբերություններին նվիրված աշխատանքներում: Այդուհանդերձ, Տրդատ Ա-ի եվրոպական կարծր հայեցակարգը թափառում է ավելի քան 100-ամյա դպրոցական եւ բուհական դասագրքերում՝ դառնալով հայերիս դաստիարակման եւ ինքնաճանաչողության բաղադրատարրը:

Հայ ժողովրդի պատմության դասագրքերից մեկին առիթ եղել է անդրադառնալ (տես՝ «Առավոտ» օրաթերթ, 07.06.2019 եւ 08.08.2019):

Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը (63թ. Քրիստոսից հետո). Վերսալ, Ֆրանսիա:

Նշված մոտեցման ցայտուն օրինակ է 1941 թվականին Մոսկվայում հրատարակված «История дипломатии» (հ. 1) ուսումնասիրությունը, որտեղ Հայաստանը մի կողմից ներկայացվում է Հռոմի եւ Պարթեւստանի աշխարհակալ տերությունների միջեւ ընդամենը իբրեւ «կռվախնձոր», բուֆերային տարածք, մյուս կողմից՝ անմիջապես նշվում է, որ հայկական հարցը մշտապես եղել է գլխացավանք Հռոմեական Կայսրության (1-5-րդ դդ.) ողջ գոյության ընթացքում: Բացի այդ, նկարագրված է Տրդատ Ա-ի գահակալման մանրամասները: Մասնավորապես, գրքում նշվում է, որ «Տրդատը պատրաստակամություն է հայտնել գնալ Հռոմ եւ հռոմեական կայսրից ստանալ թագը ոչ թե որպես պարտված, այլ որպես հաղթող»: Բանակցությունների ժամանակ, Տրդատը «հայտարարում է, որ կմեկնի Հռոմ եւ կողջունի հռոմեական կայսրին, չկրելով պարտություն»: Նշվում է նաեւ, որ բանակցությունների օրը Հռանդեայում «Կորբուլոնի շտաբի երեւելի անդամները  մեկնում են Տրդատի ճամբարը, նրան պատվի արժանացնելու, եւ դրա հետ մեկտեղ որպես գրավական, որ հռոմեացիները նրան չեն խաբում եւ նրա դեմ թակարդ չեն պատրաստել»: Այստեղ, կարծում եմ, դերակատարություն է ունեցել ոչ վաղ անցյալում Մարկոս Անտոնիոսի՝ խաբեությամբ Արտավազդ Բ թագավորի գերեվարության հանգամանքը: Հռոմում նրա արժանապատիվ կեցվածքը, մետաղադրամների թողարկումը, նրա պատվին կատարված շքեղ ընդունելությունները, տոնախմբությունները ինչպես Հռոմում, այնպես էլ Հռոմի ճանապարհին ընկած հռոմեական պրովինցիաներում, Արտաշատ քաղաքը վերականգնելու համար տրամադրված հսկայական միջոցները եւ այլն (էջ 76-80): Եվ այս ամենը ներկայացված է իբրեւ «փոխզիջում» Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ: Ավելին, վերջում կատարված է հետեւյալ եզրահանգումը. «Չնայած Հռոմում հայոց արքայի թագադրման ամբողջ արտաքին փայլին, 66 թվականի համաձայնագիրը ավելի ձեռնտու էր Պարթեւստանին, քան Հռոմին: Հայաստանը փաստորեն դառնում էր Պարթեւստանի վասալ պետություն»: Կարծում եմ՝ տեղին է հիշեցնել անգլիացի կովկասագետ Դ. Լենգի եզրակացությունը, որ «Հռոմեական կայսրերը ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչու մի ինչ-որ երկաթյա վարագույրի ստեղծումը Պարթեւստանի դեմ եւ չմարող ձգտումը Հայաստանում հաստատել ուղղակի հռոմեական կառավարում՝ թուլացնում էր հենց իրեն՝ Հռոմին» (Д. Ленг, Армяне-народ созидатль с.168)

Բայց եթե այդ ամենը «փոխզիջում» էր երկու հզորների միջեւ, այդ դեպքում ինչո՞վ բացատրել Տրդատի նկատմամբ Ներոնի այդ աստիճանի ընդգծված ուշադրությունը, Տրդատին Հռոմում ողջունելով իբրեւ կայսր, այդ հսկայական ռազմատուգանքի վճարումը եւ նվերներ շնորհելը, եւ այլն: Այս ամենից զատ անպատասխան է մնում, թե ինչու Տրդատ Ա-ն Հռոմ մեկնեց իր ընտանիքով եւ երեք հազար հեծյալ շքախմբով, այն էլ ինն ամիս տեւողությամբ: Ընդ որում՝ այդ ուղեւորության հսկայական ծախսերը վճարում էր կայսերական արքունիքը:

Նշված հարցերից շատերի պատասխանը տալիս է ֆրանսիական արդի գրականության հիմնադիր Ֆրանսուա Ռաբլեն, որն իր հանճարեղ «Գարգանտյուան եւ Պանտագրյուելը» երկում անդրադարձել է այդ խնդրին: Նա գրում է. «Ես հիշում եմ, որ մի տեղեկացված եւ պերճախոս հեղինակ հաղորդում է, որ Հայաստանի Արքա Տրդատը Ներոնի ժամանակներում այցելել է Հռոմ, որտեղ նրան ընդունել են արտակարգ հանդիսավորությամբ, ողջ շուքով եւ շքեղությամբ՝ սենատի եւ հռոմեական ժողովրդի հետ հավերժ բարեկամություն հաստատելու համար»: Ահա եւ պատասխանը. Ներոնին անհրաժեշտ էր Պարթեւստանից բացի, հանձին Հայաստանի, ունենալ դաշնակից եւ բարեկամ պետություն:

Ինչո՞վ էր պայմանավորված Ներոնի այս ցանկությունը: Առաջին հանգամանքն այն էր, որ երբ Հայաստանը դաշնակցում էր Պարթեւստանի հետ, ապա Հռոմեական կայսրությունն ունենում էր մի վտանգավոր հակառակորդ: Երկրորդ՝ Հռոմեական կայսրությունը Ներոնի տիրապետության ժամանակ ուներ բազմաթիվ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական բազմաթիվ դժվարություններ եւ նոր դաշնակից ունենալը չափազանց ձեռնտու էր Ներոնին: Երրորդ, ինչպես նշում է Դ. Լենգը, Ներոնը եւ նրա անմիջական հետեւորդները ցուցաբերել են ողջամտություն, ձգտելով Հայաստանի օգնությամբ պաշտպանվել հյուսիսկովկասյան տափաստաններից արշավող քոչվորների ասպատակություններից եւ պարթեւներից (նշված գիրքը՝ էջ 167): Այս հարցերի պատասխանը, ինչպես արդեն նշել ենք, տալիս է Ֆ. Ռաբլեն իր հանճարեղ «Գարգանտյուան ու Պանտագրյուելը» երկում: Ի դեպ, Ֆ. Ռաբլեի ակնարկին մանրամասն անդրադարձել են նաեւ հայ թատրոնի պատմության հետազոտողները: Այս դեպքում արդեն ակնհայտ է դառնում Մեծ Հայքի թագավորության ինքնուրույն գործոն լինելը, ինչն էլ ստիպում էր կայսր Ներոնին, հանձին Մեծ Հայքի, արեւելքում ունենալ այդպիսի դաշնակից եւ բարեկամ պետություն, ինչն էլ իր հերթին համապատասխանում էր հայկական պետության ազգային- պետական շահերին:

Այս ամենից զատ, երբ անդրադառնում ենք Տրդատ Ա-ի գործունեությանը, առաջանում են բազմապիսի այլ հարցականներ, որոնք համոզված եմ՝ կարիք ունեն լուրջ բացատրությունների ու հիմնավորումների: Օրինակ, ամենուր նշված է, որ Տրդատ Ա-ն Գառնիում կառուցեց հրաշակերտ Տաճար, սակայն, չգիտես ինչու, հարց չի առաջանում, թե ինչո՞ւ:  Իբր ինքնին հասկանալի է եւ ամենեւին բացատրության կարիք չունի: Սակայն կարծում եմ, որ այդ տաճարի կառուցումը պատահական չէր եւ պարունակում է խորհրդանշական իմաստ: Եթե չմոռանանք, որ Տրդատը ի սկզբանե դաստիարակվել է որպես ապագա քրմապետ, այսինքն ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը, ինչն էլ իր հերթին նպաստել է նման գաղափարի: Գառնի տաճարը, որ արտաքուստ կառուցված է հունահռոմեական ոճով, միաժամանակ համապատասխանում է հայկական ճարտարապետության եւ արվեստի ավանդույթներին, այն դարձնելով յուրատեսակ հուշարձան: Հայաստանում այդ շրջանում հեթանոսական տաճարների պակաս չի եղել, հետեւաբար նոր տաճարի կառուցումը չի եղել պարզապես հերթական տաճարներից մեկը, այլ ունեցել է մի կարեւոր առանձնահատկություն՝ այն իր ամեն ինչով տարբերվել է ե՛ւ պարթեւականից, ե՛ւ  հռոմեականից, այսինքն եղել է զուտ հայկական իր բնույթով, խորհրդանշել է հայկական մշակույթի ինքնատիպությունը եւ արտահայտել է նաեւ հայկականի ինքնուրույնությունը: Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, երբ բոլոր հեթանոսական տաճարները ավերվեցին եւ դրանց տեղում կառուցվեցին քրիստոնեական եկեղեցիներ, նույնը չեղավ Գառնիի տաճարի պարագայում, որովհետեւ Տրդատ Գ-ին, պետք է ենթադրել, որ հայտնի էր այդ տաճարի խորհուրդը: Ծանոթանալով Տրդատ Ա-ի ողջ գործունեությանը, դժվար չէ համոզվել, որ նա՝ 1) ռազմական գործիչ է, ինչի վկայությունն է Հռանդեայի ճակատամարտում նրա հրամանատարությամբ հռոմեական զորավար Պետոսի բանակի ջախջախիչ պարտությունը, ինչպես նաեւ նրա հետագա ռազմական հաղթանակները Կովկասից ներթափանցված քոչվորական ցեղերի դեմ: Նրա ռազմական գործիչ լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ չնայած հայտնի զորավար Կորբուլոնը Հայաստան էր եկել մեծ բանակով, սակայն գերադասում է ոչ թե պատերազմել, այլ սկսել բանակցություններ: 2) Հմուտ դիվանագետ է, ինչի վկայությունն են նրա բանակցությունները ինչպես Պետոսի, այնպես էլ հռոմեական զորավար եւ դիվանագետ Կորբուլոնի հետ, որոնց հիման վրա կնքվեց Հռանդեայի համաձայնագիրը: Ընդ որում, Տրդատ Ա-ի պահանջով բանակցությունների վայր է դառնում հենց Հռանդեան, որտեղ հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն էր կրել: Նման պարագայում բանակցությունների տեղի ընտրությունն արդեն նախանշում է նաեւ բանակցությունների հետագա ընթացքը: Նրա դիվանագիտական հմտությունները դրսեւորվեցին նաեւ Հռոմի կայսր Ներոնի հետ բանակցությունների արդյունքում, որի շնորհիվ Հայաստանը եւ Հռոմեական կայսրությունը դարձան դաշնակից եւ բարեկամ պետություններ եւ Հայաստանը կարողացավ շուրջ 50 տարի խաղաղության պայմաններում բարգավաճել: Վերջապես Տրդատ Ա-ի վարած դիվանագիտական մեծ աշխատանքի արդյունքում ռազմաճակատում տարած հաղթանակը վերածվում է հաշտության համաձայնագրի: 3) Ուշադրության է արժանի Տրդատ Ա-ի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ինչի շնորհիվ նա կարողացավ Հայաստանի աշխարհագրական դիրքի առավելություններն օգտագործել ի նպաստ հայ ժողովրդի՝ հմտորեն օգտագործելով Հռոմեական կայսրության եւ Պարթեւստանի հակասությունները: Ի դեպ, Հայաստանի աշխարհագրական դիրքի առավելությունների ճիշտ գնահատումը այսօր էլ չափազանց արդիական է:

Պատմության ընթացքում հաճախ այն դարձել է պատուհաս հայ ժողովրդի գլխին, այնինչ դրա ճիշտ գնահատումը եւ իմաստավորումը կարող է այսօր էլ շատ նպաստավոր լինել Հայաստանի համար, եթե կարողանանք այն ճիշտ օգտագործել: Ժամանակին, երբ չկարողացանք պահել Նախիջեւանը, մենք կորցրեցինք աշխարհաքաղաքական գործոն լինելու մի հսկայական պաշար եւ, փաստորեն, հիմնական գործոնի դեր է կատարում միայն Մեղրին: Եթե հանկարծ դա էլ կորցնենք, կհայտնվենք «թյուրքական տոպրակում», կդադարեցնենք մեր աշխարհաքաղաքական դերակատարությունը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, անհրաժեշտ է սովորել Տրդատ Ա-ից, թե ինչպես կարելի է այդ հանգամանքը օգտագործել ի շահ Հայաստանի:

4) Ուշագրավ է նաեւ Տրդատ Ա-ի քաղաքակրթական գործունեությունը: Դժվար չէ համոզվել, որ Տրդատ Ա-ն որդեգրեց Տիգրան Մեծի եւ նրա հետեւորդ Արտավազդ Բ-ի քաղաքակրթական քաղաքականությունը, ինչը երեւակվում է արդեն 9 ամիս տրամադրելով Հռոմ այցելությանը, Ներոն կայսրից կատակերգու (միմոս) խնդրելով, իսկ հետագայում Գառնիի տաճարը կառուցելով: Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Տրդատը լուրջ ուշադրություն է դարձրել Հայաստանում հելլենիստական մշակույթի զարգացմանը: Այս հանգամանքը կարեւորվում է մի քանի առումով, նախ՝ այդ ժամանակաշրջանում հելլենիստական մշակույթը այդ տարածաշրջանում առավել զարգացածն էր եւ կարող էր նպաստել հայկական քաղաքակրթության ու մշակույթի առաջընթացին, երկրորդ, շեշտելու համար հայկականի ինքնատիպությունը եւ տարբերությունը թե՛ հռոմեականից, թե՛ պարթեւականից: 5) Վերջապես, չափազանց կարեւոր է, որ այս ամենը Տրդատ Ա-ն ծառայեցնում էր Հայաստանը որպես ինքնուրույն քաղաքական գործոն դարձնելու համար:

Այս ամենը, ընդհանուր առմամբ, նշանակում է, որ հանձին Տրդատ Ա-ի մենք ունենք խոշորագույն պետական եւ քաղաքական գործիչ, որն ամեն ինչ արեց Հայաստանը արժանավոր կերպով ներկայացնելու եւ պայմաններ ստեղծելով նրա հետագա արժանապատիվ զարգացման համար:

Տրդատ Ա-ի մասին այս ամենը ներկայացնելով, այդ համատեքստում առաջացավ մի գաղափար, որ 2028 թվականին, երբ լրանում է նրա 2000-ամյակը, հավուր պատշաճի նշել այդ հոբելյանական տարելիցը: Ի՞նչ կտա այն մեզ բոլորիս: Առաջին, կարծում եմ, որ այդ տարելիցը կօգնի մեզ լավ պատկերացնել Տրդատ Ա-ի ողջ գործունեությունը, նրա ռազմական, մշակութային, տնտեսական, դիվանագիտական հսկայական աշխատանքը հայոց պետականության ամրապնդման, զարգացման գործում: Երկրորդ՝ կնպաստի հայ ժողովրդի ինքնության իմաստավորմանը: Երրորդ՝ կնպաստի Տիգրան Մեծի իրականացրած քաղաքական ուղենիշի իմաստավորմանը: Չորրորդ՝ եվրոպական, մասնավորապես հին հռոմեական պատմության  վերաիմաստավորմանը: Հինգերորդ՝ Ներոնի արտաքին- քաղաքական կողմնորոշման իրական դրդապատճառների բովանդակության բացահայտմանը: Վեցերորդ՝ Հայկական պետության աշխարհաքաղաքական դիրքի առավելության օգտագործումը ի շահ հայության: Յոթերորդ՝ կստիպի դուրս գալ առօրեական փոխադարձ անլուրջ տուր եւ առի հոգեբանությունից, աշխարհին ներկայանալ արժանապատվորեն, զբաղվել բոլորիս համար հետաքրքիր գիտական ու մշակութային հարցերի լուսաբանմամբ, առանց որի անհնար է ստեղծել իմաստավորված ապագա:

Ի դեպ, չպետք է մոռանալ նաեւ մյուս հայ մեծերին, օրինակ, Տրդատ Ճարտարապետին, որի 1000-ամյակը նույնպես կարելի է եւ մեզ պատիվ կբերի, եթե այն նշենք, ասենք, 2025 թվականին, սակայն այդ մասին թող բարձրաձայնեն հայ ճարտարապետության պատմության գիտակները:

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ

փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը (63թ. Քրիստոսից հետո). Վերսալ, Ֆրանսիա:

Գլխավոր լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ):

«Առավոտ» օրաթերթ
26.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829