Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ տեսաք ՀՀ երրորդ նախագահին դատարանի առաջ կամ ցուցարարների հետ: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ որեւէ մեկն արտոնյալ չէ մյուս քաղաքացիներից. «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, եթե օրենքով չի ապացուցվի որեւէ մեկի մեղքը, բնականաբար, նա կարդարացվի: Եթե կապացուցվի, ով ուզում է լինի մեր երկրում՝ պարզ քաղաքացի, թե ամենաբարձրաստիճան պաշտոնյան, պետք է պատասխան տա օրենքի առաջ»:
Հարցին՝ ՀՀԿ-ականները, որոնք դատարանի առաջ ցույց էին անում, պնդում էին, որ սա քաղաքական հետապնդում է եւ գործը շինծու է, դուք ո՞ր տարբերակին եք հակված, ա՞յս, թե՞ իշխանությունների, որոնք վստահեցնում են, որ իրավական երկրում ենք ապրում ու որ քրեական գործեր են հարուցվում՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Փառք Աստծո, բոլորիս աչքի առաջ դատավարություն է ընթանում, բոլորս պարզ տեսնում ենք եւ կհամոզվենք՝ արդարացի՞ են մեղադրանքները, թե՞ արդարացի չեն: Եթե արդարացի չլինեն, բնականաբար, մենք կգտնենք, որ ուրեմն քաղաքական է, իսկ եթե արդարացիորեն կդատեն, նշանակում է, որ ճիշտ է թիրախավորված եւ որեւէ խնդիր չկա»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը, երբ դիմում էր ցուցարարներին, հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում, որ Արցախը վտանգվա՞ծ է այս իշխանությունների օրոք՝ նա պատասխանեց. «Այս հարցը մեկընդմիշտ պետք է ավարտել, որեւէ ղեկավար ոչ թե չի ցանկանա, այլ ուղղակի չի կարող հող հանձնել, ասենք, ստորագրեց որեւէ ղեկավար, այդ հողը ո՞վ պիտի հանձնի, հո ստորագրելով չի՞, դա կդառնա թղթի կտոր ընդամենը: Բացի այն, որ նա կդառնա դավաճան, նաեւ իր ստորագրությունը կդառնա առ ոչինչ, որովհետեւ ժողովուրդն իր արյունով ազատագրված տարածքը որեւէ մեկին չի տալու, այդ ղեկավարն ով ուզում է լինի: Այնպես որ, այդ կոչերը որեւէ մեկին ուղղված չեն, որովհետեւ նույն Սերժ Սարգսյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե շատ էլ ցանկանային, ոչինչ չէին կարող անել, որովհետեւ ժողովուրդն ազատագրել է իր հայրենի տարածքն ու տեր է այդ տարածքին: Ես չեմ տեսել, որ աշխարհի որեւէ երկրում ստորագրությամբ հող են հանձնում, այդպիսի բան չկա, դրանք ավելի շատ քաղաքական են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ