Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում կնոջ ու երեխաների աչքի առաջ տեղի ունեցած սպանությունը գույքի, գումարային հարցերի պատճառով է եղել

Փետրվար 26,2020 22:30

Փետրվարի 22-ի առավոտյան Էջմիածնում տեղի ունեցած 36 ամյա տղամարդու սպանությունից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սպանություն կատարելու մեջ մեղադրվողը Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից է, վեճը սպանվածի՝ Գեւորգի, հետ սկսել է 2019 թվականից, երբ Գեւորգը վերջինիս տունն է գնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին’ ժամը 11․50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։

«Մահացածն այդ տունը գնել է բանկից, այդ բանկի գումարը եղել է 35.000 դոլար, բայց Գեւորգը այդ անձի՝ տանտիրոջ հետ պայմանավորվել է, որ տան համար կվճարի 40.000 դոլար: Այսինքն՝ 5.000 դոլար ոչ մի բանի համար տվել է այդ անձին, զուտ նրա համար, որ նավսի տակ չմնա: Ավելի ուշ պարզվել է, որ բանկին տան համար վճարվելիք գումարը 35.800 դոլար է եղել, այդ անձը Գեւորգին ասել է՝ դու վճարիր այդ 800 դոլարը, ես քեզ 5000 դոլարից կվերադարձնեմ, անցել է որոշ ժամանակ ու նա հրաժարվել է այդ գումարը վերադարձնել Գեւորգին, բացի այդ ՝ եղել է նաեւ տան գույքի հետ կապված խնդիր, սկզբում պայմանավորվել են, որ խոհանոցի ամբողջ կահույքը պետք է մնա տանը, այդ անձը ավելի ուշ հրաժարվել է նաեւ այդ պայմանավորվածությունից: Գեւորգն էլ ասել է՝այդպես չի կարող լինել, պայմանավորվածություն ունենք, խոսակցություն է տեղի ունեցել, ինչից հետո այդ անձը ոստիկանների հետ 2019-ի հոկտեմբերին եկել է իր գույքը տարել, բացի խոհանոցի կահույքից ու տեխնիկայից: Դրանից հետո որեւէ խոսակցություն չի եղել, Գեւորգն էլ մտածել է՝ 800 դոլարը ինքն այլեւս չի ուզի, նախկին տանտերն էլ այդ գույքից ձեռք քաշեց, էլ վեճ ու վիճաբանություն չի եղել: Այդ անձի հայտնվելը դեպքի օրը լրիվ անակնկալ է եղել Գեւորգի ընտանիքի համար: Ես տեղեկություններ չունեմ, թե դեպքի օրը, երբ այդ անձը եկել է Գեւորգենց տուն, խոսակցություն եղել է, թե՝ ոչ, բայց ընտանիքի անդամները վեճի, խոսակցության ձայներ չեն լսել, լսել են միայն կրակոցներ: Գեւորգը տան բակում գործ անելիս է եղել, այդ անձը մի քանի կրակոցով սպանել է կնոջ ու երեխաների աչքի առաջ»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829