Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ հրամանատարի լավ աշխատանքի դեպքում ունենում ես բազում կանխված դեպքեր, ինչի մասին շատ չենք խոսում». Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 26,2020 21:12

«Զինված ուժերում մահվան ելքով թեկուզ մեկ դեպքից հետո բացի քրեական պատիժներից միշտ լինում են նաև գերատեսչական պաշտոնանկություններ։ Միշտ կան հրամանատարական օղակի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատվություն են կրում, և միշտ իրենք պաշտոնանկ են արվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գեներալներ Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտոնանկություններին։

Հովհաննիսյանն ասաց, որ բացի գեներալների դեպքից՝ կան նաև միջին և ցածր օղակի սպաների պաշտոնանկություններ։ Պաշտոնանկությունը մեխանիզմ է, ըստ նրա, որով փորձ է արվում թերությունները շտկել, նոր աշխատակիցներին ավելի խիստ պայմանների մեջ դնել՝ աշխատանքների ավելի բարելավված մեթոդներով և արդյունավետությամբ։

«Տարվա ընթացքում ունենում ենք նաև բազում կանխված հանցագործություններ։ Լավ հրամանատարի լավ աշխատանքի դեպքում ունենում ես բազում կանխված դեպքեր, ինչի մասին շատ չենք խոսում, շատ չենք բարձրաձայնում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը։

Հարցին, թե պաշտոնանկություններին զուգահեռ՝ ժամկետային զինծառայողների, սպայական անձնակազմի կրթական ծրագրերում փոփոխություններ կատարվո՞ւմ են, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կրթական ծրագրերը շարունակ բարեփոխվում, լիարժեք են դառնում։

Անդրադառնալով բանակում ժամկետային զինծառայողների հանդեպ դրսից հովանավորչությանը և բանակից քրեական ենթամշակույթի արմատախիլ անելուն՝ ՊՆ մամուլի խոսնակն ասաց․ «Ցավոք մենք հանրություն ունենք, որը սիրում է այդ արժեքները։ Մենք հանրության մեջ ունենք, այսպես, մեծ սեր դեպի հովանավորչությունը, դեպի հեղինակությունները, ոչ ֆորմալ ղեկավարման մեթոդները, եղանակները»։

Սակայն, ըստ Հովհաննիսյանի, ամեն ինչ կախված է տվյալ ստորաբաժանման, զորամասի հրամանատարության ազդեցությունից։

«Եվ եթե հրամանատարն իր տեղում է, հրամանատարն ամուր հրամանատար  է, լավ է հասկանում՝ ինչ է կարգապահությունը, լավ է հասկանում, որ ամենամեծ հեղինակությունը հենց ինքը պետք է լինի, ապա ինքը թույլ չի տալիս, որ այդպիսի ներգործություն ունենան «դրսից»»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829