«ՈՉ» քարոզչական կողմն այսօր տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։
Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։
Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»:
«ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է. « Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փետրվարի 25-ին կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարը պետք է ծախսվի կուսակցության ընթացիկ կարիքների և ԱՅՈ-ի քարոզչությունը կազմակերպելու համար: Այս մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում դրամահավաքի ընթացքում պաշտոնապես: Այս գործընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան: Թվում է ամեն ինչ առավել քան պարզ է. կուսակցությունը կազմակերպել է դրամահավաք՝ պոտենցիալ նվիրատուներին տեղեկացնելով, թե ինչ նպատակով է պատրաստվում գումարները ծախսել: Բայց ոչ, որոշ դեպքերում միևնույն է կան մարդիկ, որոնք համառորեն փորձում են ձվի մեջ մազ գտնել, նույնիսկ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ են տարածում:
Կարդացեք նաև
Հատուկ ձվի մեջ մազ փնտրողների համար, կուսակցություններին նվիրատվություններ կատարելու գործընթացը կարգավորվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով (24-րդ հոդված): Գումարի նպատակային՝ այն է 2020 թ. ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության նպատակով գումարների ծախսումը կարգավորվում է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով: Մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանրաքվեի քարոզչական կողմերի հիմնադրամների մուծումների չափը 100 մլն դրամը չի կարող գերազանցել: Ավելի պարզ, եթե ներկայացնեմ. փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում հավաքված 205 մլն դրամից հանրաքվեի քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ: Մնացած գումարը դրամահավաքի կազմակերպիչը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ծախսել իր ընթացիկ կարիքների համար, ինչպես հայտարարվել է դրամահավաքից առաջ, ընթացքում և հետո:
Իհարկե, առանձին անձինք կարող են յուրովի ընկալել և մեկնաբանել բոլորի աչքի առաջ տեղի ունեցած գործընթացը, դա իրենց իրավունքն է: Ավելին, նրանցից ոմանք եղելությունը յուրովի՝ իրականության հետ կապ չունեցող ձևով ներկայացնելու բազմամյա փորձ ունեն: Կրկին իրենց իրավունքն է, ոչ ոք զրկված չէ ստեղծագործելու իրավունքից: Պարզապես կարիք չկա սեփական հորինվածքն իբրև իրողություն ներկայացնել»:
Հիշեցում. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին անգամ դրամահավաք է անցկացրել 2016թ. փետրվարի 18-ին, որի ընթացքում հավաքել է 4,850,000 դրամ:
Երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ եւ կատարվել է 1,8 մլն դրամի խոստում:
Հաջորդ դրամահավաքն արդեն եղավ «Ելք» դաշինքով 2017թ. Մարտին եւ դրամահավաքին նվիրաբերվել էր 15 մլն դրամ:
«Ելք»-ի մյուս՝ կրկին 2017թ. ապրիլին կատարված դրամահավաքին հավաքվել էր 5,127,000 դրամ։
Վերջին՝ 2019թ. նոյեմբերի 25-ին ՔՊ-ն հավաքել էր 236 մլն դրամ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: