Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ

Փետրվար 26,2020 18:30

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով արտասահմանից որեւէ դեղամիջոց ուղարկել ՀՀ: Ինչպես նշեց Սիսակ Գաբրիելյանը, օրինագծի անհրաժեշտությունը ծագում է հետեւյալ խնդրից. «ՀՀ եկող եւ ՀՀ-ից մեկնող քաղաքացիներն իրենց հետ կարող են տեղափոխել անձնական օգտագործման դեղերը, մինչդեռ փոստային առաքմամբ դեղ ստանալն արգելվում է: Եթե քաղաքացին արտերկրից ծանրոց է ստանում, որի մեջ նաեւ դեղ կա, ծանրոցն իրեն չի տրամադրվում: Նա գնում է մաքսային մարմին, որտեղ ուղեբեռը քանդվում է, դեղը՝ ոչնչացվում:

Առաջարկում ենք թույլատրել փոստով դեղ ուղարկել ՀՀ: Սա շատ կօգնի քաղաքացիներին, որոնք սոցցանցում հաճախ են գրում, որ այս կամ այն դեղն է անհրաժեշտ բերել արտերկրից: Ներկայում երկրի սահմանը ֆիզիկապես հատելու դեպքում թույլատրվում է մինչեւ 30 տուփ դեղ փոխադրել, իսկ փոստայինի դեպքում առաջարկում ենք սահմանել 3-5 տուփ՝ ամսվա մեջ մեկ անգամ միայն: Դա կառավարությունը կորոշի: Մաքսային ծառայությունը կֆիքսի, թե քաղաքացին ամսվա ընթացքում որքան եւ ինչ դեղ է ստանում, ինչը չես ասի ֆիզիկապես սահմանահատման դեպքում դեղերի ապօրինի շրջանառության մասին: 200 եվրոն գերազանցող դեղերը հարկվելու են»: Սիսակ Գաբրիելյանը հավելեց, որ իր առաջարկած օրինագիծը գործում է ԵՏՄ այլ երկրներում: Հավելենք, որ օրինագիծը դեռեւս պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829