2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքներն ստացել է 2020թ փետրվարի 22-ին՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մի խումբ երիտասարդների միջև անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է՝ կրկին անչափահաս:
Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:
Կարդացեք նաև
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին