Այսօր ասուլիսում Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ ինքը եւ Լեւոն Ջուլֆալակյանը միշտ էլ ասել են, որ ըմբիշի համար լավագույն ու ամենաճիշտ տարբերակը հավաքականի հետ միասին մարզվելն է, որ ինքը մեծագույն սիրով կմարզվեր հավաքականի հետ, եւ որ հավաքականի տղաների մեծ մասի հետ որեւէ խնդիր չունի: «Սակայն 3-4 հոգի կան, որոնց հետ իմ ֆիզիկական ներկայությունը նույն տեղում անհամատեղելի է: Ես իմ հարցազրույցում նշել եմ՝ ինչ վտանգներ եմ տեսնում: Վտանգ եմ տեսնում՝ վնասվածքի, սննդի անվտանգության, վիտամինների անվտանգության, ուղղակի հոգեբանական վիճակի: Նման պայմաններում ուղղակի գնալ եւ ֆիզիկապես այնտեղ լինել եւ վնասել ինքս՝ ինձ, արդյունքում՝ վնասել երկրի սպորտային հաջողությանը, բնականաբար, թույլ տալ չեմ կարող: Կրկնում եմ՝ ստիպված եմ բացակայում հավաքներից, ինչի արդյունքում իմ համար շատ ավելի անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, որովհետեւ ունեմ մրցումային զույգերի խնդիր, ունեմ խնդիր մնացած բոլոր թեմաներով, որովհետեւ ամբողջն իմ հաշվին է արվում, սկսած մերսողից, բժշկից, սննդային հավելումներից: Իմ հաշվին հավաքների եմ գնում տարբեր երկրներ»,-ասաց Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ Լեւոն Ջուլֆալակյանը շարունակեց. «Ես միշտ դեմ եմ եղել, որ մարզիկը հավաքականի հետ չմարզվի, որովհետեւ դա աբսուրդ է: Բայց, ցավոք, ներկա իրականությունում թույլ չեմ տա, որ հանկարծ որեւէ մեկը իմ տղային թունավորի»:
Aravot.am-ը նախ զարմանքով նշեց, որ Ջուլֆալակյաններն այդպիսի, անգամ՝ իրենց թունավորելու կասկածներ ունեն, ապա հետաքրքրվեց, թե այս լարված մթնոլորտում, եթե, այնուամենայնիվ, որոշվի, որ Արսենն է մեկնելու Տոկիո, ինքը մնալու է օլիմպիական ավանում հավաքականի հե՞տ, թե՞ առանձին բնակարան է վարձելու, կրտսեր Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես ամբողջ հավաքականին չեմ մեղադրում: Դա կարող է հավաքականից մեկ մարդ անել, կամ թեկուզ կազմակերպել: Նման բաներ այլ երկրներում եղել են: Հիմա ի՞նչ, գնամ բախտի քմահաճույքին եւ ամեն ինչ վտանգի տա՞կ դնեմ: Ես նշեցի, որ հավաքականն իմ հավաքականն է եւ մեծ մասի հետ ոչ մի խնդիր չունեմ: Բայց այո, զուտ այդ մի քանի հոգու պատճառով չեմ կարող նրանց հետ հավաքներում լինել: Դա չի վերաբերվում օլիմպիական խաղերին: Եթե օլիմպիական խաղեր գնանք, տա Աստված՝ հասնենք դրան, այ, նրանք, ովքեր հավակնում են վարկանիշերին, 95 տոկոսի հետ խնդիր չունեմ: Բացի դրանից, նույն մարզիչների հետ իմ հարաբերությունները թշնամական չեն, որպեսզի չկարողանամ նրանց տեսնել կամ բարեւել: Բայց կլինեմ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, որն իմ մարզիչն է եւ նա է աշխատելու իմ հետ»,- պատասխանեց Արսեն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ