Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Հետախույզ վետերանների միավորման» անդամի՝ ապրիլյան դեպքերի կոնկրետ մեղավորներից մեկը վարչապետի զինվորական խորհրդականն է

Փետրվար 26,2020 16:57

«Պահանջում ենք մեր բանակի արցախյան հատվածի համար նույնպես պատասխանատվություն կրող ՀՀ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը, քանի որ նրանք այլևս չեն տիրապետում զինված ուժերում իրավիճակին»,- «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում «ՀՀ բանակում ոչ մարտական զոհերը կանխելու նպատակով պահանջ և առաջարկներ» թեմայով հրավիրված քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց դիմումից մի հատված ներկայացրեց  Մուշեղ Դանիելյանը:

Նա նշեց, որ նախաձեռնել են մի շարժում, որը կներկայացնի կառավարությանն իրենց տեսակետից ռազմական մասնագետների և գործիչների այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իրականացնել իրավիճակը շտկելու համար: Դիմումում նշված է, որ այս զոհերի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն, ընդհուպ մինչև երկրի բարձրագույն ղեկավարություն:

Ըստ Մուշեղ Դանիելյանի՝ չափազանց մտահոգիչ են վերջին ողբերգական իրադարձությունները՝ 13 մահվան դեպքերը, և կարծիք հայտնեց, որ երկու պաշտոնյաների ազատելով՝ խնդիրը չի լուծվի. «ՀՀ վարչապետի ռազմական հարցերով խորհրդականի խիստ անբավարար աշխատանքի արդյունքն է, որ կառավարության ղեկավարը ժամանակին և անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել զինված ուժերում իրավիճակին: Պահանջում ենք անհապաղ անցկացնել համապատասխան քննչական գործողություններ և քրեաիրավական պատասխանատվության ենթարկել զոհերի համար անմիջական մեղավորություն ունեցող պաշտոնյաներին»: Նա առաջարկեց ստեղծել անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի զինծառայողների միջանձնային խնդիրները, կանոնադրական հարաբերությունները, անմիջական ստուգայցեր կկատարի զորամասերում: Հանձնաժողովի ներկայացուցիչը հնարավորություն կունենա խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ՊՆ-ի կոլեգիալ նիստերին: Հանձնաժողովի անդամները կլինեն հեղինակավոր ռազմական գործիչներ ու մտավորականներ:

Ազատամարտիկ, Սպաների միության անդամ, «Հետախույզ վետերանների միավորման» անդամ Արթուր Բունիաթյանը հայտարարեց, թե շատ կասկածելի են վերջին մարտական զոհերը ու նշեց. «Ապրիլյան դեպքերի կոնկրետ մեղավորներից մեկն այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի զինվորական խորհրդականն է» (լուսանկարում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը.- խմբ.): Նա մտահոգություն հայտնեց՝ ի՞նչ է նշանակում, որ զինվորը ունենա հեռախոս, կամ ինչո՞ւ չկան համապատասխան պայմաններ, որ օրինակ, եթե կրակ բացվի, զինվորը կարողանա թաքնվել և այլն:

«Կոռնիձոր» ջոկատի հետախուզության պետ Արտաշես Ահարոնյանն էլ ասաց, որ հեռախոսները շատ են խանգարում ծառայությանը, և հատկապես նկարահանող հեռախոսները նույնիսկ հակառակորդի համար են օգտակար. նա կարող է պատկերացնել դիրքերը և շարունակեց. «Պետք է մեկընդմիշտ արգելել որևէ կապ դրսի հետ: Եթե բանակի ղեկավարությունը չի կարողանում նման բան անել, ուրեմն ինքը սպառվել է: Համաձայն եմ, որ երկու հոգու պաշտոնանկ անելով՝ հարց չի լուծվի: Ես համարում եմ, որ նախարարն էլ է սպառվել, շտաբի պետով և ամբողջ վերնախավով: Այն հանձնաժողովները, որ մինչև հիմա եղել են, ընդհանրապես չեն գործում, ոչ մի փոփոխություն չկա: Դրա համար նոր հանձնաժողով պետք է լինի՝ լրիվ անկախ բոլորից և օժտված լինի մեծ լիազորություններով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829