Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր եւ որդի Ջուլֆալակյանները պահանջում են, որ օլիմպիական խաղեր մեկնելու համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծվեն Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ

Փետրվար 26,2020 16:19

Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ խառնաշփոթ վիճակ է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականում: Թնջուկը ազգային հավաքականի 77 կգ քաշային կարգում է, որտեղ օլիմպիական խաղեր մեկնելու համար պայքարում են Կարապետ Չալյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը: Վերջերս հավաքականի մարզչական կազմը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե որոշում է կայացվել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու է Կարապետ Չալյանը, որն, ի դեպ, նվաճել է այս քաշային կարգի վարկանիշը: Այս որոշման հետ համաձայն չեն Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նրանք էլ պնդում են, որ հավաքականի ներկայիս մարզիչները ճիշտ չեն վարվում օլիմպիական խաղերից 6-7 ամիս առաջ մարզիկի անուն հայտարարելով, առավել եւս, որ նույն քաշային կարգում կա մարզական ավելի հարուստ կենսագրություն անցած ըմբիշ՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի ոչ վաղ անցյալի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Հայր եւ որդի Ջուլֆալակյանները վստահեցնում են, որ Արսենը, թեեւ հավաքականից առանձին, սակայն անհատական ծրագրով նույնպես նախապատրաստվում է ամենայն լրջությամբ եւ Տոկիոյում պատրաստ կլինի մեդալի համար պայքարելու: Լեւոն Ջուլֆալակյանի հավաստմամբ, ուժեղ ըմբշամարտ ունեցող երկրներում հավաքականի կազմը հայտարարում են, լավագույն դեպքում, պաշտոնական մրցաշարի մեկնարկից 1-1,5 ամիս առաջ եւ այդպես եղել է իր օրոք: «Այդ չգրված կանոնը գործում է, որպեսզի քաշային կարգերում մրցակցությունը պահպանվի, որպեսզի մրցման, առավել եւս՝ օլիմպիական խաղեր, մեկնի եւ երկիրը ներկայացնի այդ պահին ավելի արժանավորը»,- ասաց ավագ Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյաններն իրենց հրավիրած ասուլիսում ոչ վաղ անցյալում երկու ըմբիշների մրցելույթների վերլուծություններ արեցին, պատմեցին ՀԱՕԿ նախագահի, մարզաձեւի ֆեդերացիայի նախագահի ներկայությամբ իրենց եւ հավաքականի ներկայիս մարզիչների ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք ըստ բանախոսների խախտվել են: Հայր եւ որդի Ջուլֆալակյանները պահանջում են, որպեսզի օլիմպիական խաղեր մեկնելու համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծվեն Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ:

Ինքը՝ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց. «Ես առաջարկել ու հիմա էլ պնդում եմ, որ մինչեւ մայիս ամիսը երկուսիս էլ ուղարկեն իրենց (մարզիչների) ընտրած միջազգային նույն մրցում եւ այնտեղ ով ավելի լավ հանդես գա, թող նա էլ գնա օլիմպիական խաղեր:

Ավելի ուշ Արսենը Aravot.am-ի համար այս հայտարարությունն ավելի մանրամասնեց. «Ես ասել ու հիմա էլ հաստատում եմ հետեւյալը: Մենք երկուսով մասնակցում ենք միեւնույն միջազգային մրցաշարին եւ եթե ես այդ մրցաշարում մեդալ չնվաճեցի, անկախ այն բանից, թե Կարապետ Չալյանն ինչ տեղ կզբաղեցնի, թող ինքը մեկնի Տոկիո»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829