Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում անդրադարձավ 52 դպրոցի միջադեպին: Հիշեցնենք, որ այդ դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել եւ քաշքշել էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն ու ներկայացրել ուսուցչի՝ դպրոցից հեռացման պահանջ:
Նախարարն ասաց. «Մենք սահմանել ենք դպրոցում վարչական աշխատողների, ուսուցիչների էթիկայի նորմերը, նաեւ աշակերտների եւ ծնողների էթիկայի նորմերն ենք ամրագրել: Սա շատ կարեւոր է: Մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ չասեմ բոլոր ծնողների, բայց որոշ ծնողների մոտ տպավորություն կա, որ երեխաների ուսումնառության պրոցեսում իրենք պարտականություններ չունեն, ավելի շատ խոսում են իրավունքների մասին: Հիմա արդեն այդ պարտականությունները շատ հստակ կլինեն: Ծնողական համայնքն իր պարտականություններն ըստ դրա կիրականացնի եւ մանկավարժական աշխատողները սրանով ավելի պաշտպանված կլինեն: Յուրաքանչյուրը կիմանա իր իրավունքներն ու պարտականությունները: Սրանով դպրոցի շուրջ ստեղծված տարբեր համայնքների մեջ եւ համայնքների հարաբերությունները հստակեցված եւ վերականգնված կլինեն»:
Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ այդ ամրագրումներն արվել են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ