Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատի մարզում մտադիր են ծիրանի փառատոն անցկացնել

Փետրվար 26,2020 15:49

«2019 թվականը ստացված տարի էր»,-այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Տարին ստացված էր, որովհետեւ, ինչպես մարզպետն ասաց, ի տարբերություն 2018-ի, մարզում գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ լավ է եղել՝ սուբվենցիոն ծրագրեր, լավ բերք, ասֆալտապատում եւ այլն:

Սարգսյանն ասաց, որ մարզի սուբվենցիոն ծրագրերի գումարը 1.5 մլրդ դրամ է, նախորդ տարի իրականացվել են նաեւ 23 հրատապ ծրագրեր՝ մոտ 400 մլն դրամ արժողությամբ. «Դրանք հիմնականում եղել են ոռոգման եւ խմելու ջրագծերի վերաբերյալ ծրագրեր: Մարզում անցկացվել են նաեւ 2 դպրոցի ջեռուցման համակարգ, վերանորոգվել է 1 մանկապարտեզի տանիք»:

Սարգսյանը վստահեցրեց՝ 12 կմ միջպետական ճանապարհ է ասֆալտապատվել՝ Երասխ-Պարույր Սեւակ հատվածը, որը խորհրդային կարգերի փլուզումից հետո երբեւէ նման ծավալով ու որակով չի հիմնանորոգվել:

Այս տարի նախատեսում են Արարատի մարզը Գառնին կապող հատվածը հիմնանորոգել, սա էլ մոռացված ճանապարհ է, քչերը գիտեն, որ Արարատը Կոտայքին կապող նման ճանապարհ կա: Մարզում թանգարան կառուցելու ծրագիր կա, երբ կսկսվեն աշխատանքները, մարզպետը չգիտի, ասաց՝ խնդիրը զբոսաշրջության կոմիտեի տիրույթում է: Նման ծրագիր շատ վաղուց կա, Սարգսյանն ասաց, որ այն դրամաշնորհային է, թանգարանը Դվինի հնավայրի հատվածում է լինելու. «Այնտեղ շատ գտածոներ կան, պատմամշակութային արժեքներ ներկայացնող նմուշները բաց երկնքի տակ են, վնասվելու հավանականությունը մեծ է»:

Մարզում մտադիր են ծիրանի փառատոն կազմակերպել. Մարզպետն ասաց, որ ծիրանն ամենաշուտը հասունանում է Արմաշի եւ Սուրենավանի հատվածում է, ուստի մեծ շուքով այն կնշեն, հետո աշնանն էլ մեծ շուքով բերքի փառատոն կնշեն:

Սարգսյանն անդրադարձավ նաեւ սպանդանոցների խնդրին, ասաց՝ Արարատի մարզում կան սպանդանոցների բիզնեսում իրական ներդրումներ կատարողներ, նրանց հետ քարտեզագրել են, թե որտեղ պետք է կառուցել դրանք, որպեսզի հավասարաչափ հեռավորության վրա գտնվեն իրարից, հասանելի լինեն, լինելու են նաեւ շարժական սպանդանոցներ. «17 տեղ ենք նշել մեր քարտեզի վրա եւ առաջարկել ենք այդ քարտեզը ներդրողներին: Մինչեւ հուլիսի 1-ը այդ խնդիրը պետք է լուծված լինի»:

Մարզում «Փարոսի» ցուցակներն են մաքրել: Մարզպետն ասաց, որ պետական սոցիալական աջակցության «Փարոս» համակարգից օգտվողների ցուցակից 1027 շահառուներ դուրս են մնացել, հատուկ հանձնաժողովի անդամները տնայցեր են կատարել, ստուգումներ են արել, ըստ այդմ ճշգրտումներ արել. «Ցուցակում հայտնվել էին մարդիկ, որ փաստաթղթով ամեն ինչ կարգին էր իրենց մոտ, բայց համայնքում բոլորը գիտեին, որ ունի խանութ, լավ տուն, լավ մեքենա, բայց իր անունով չէ: Իսկ իր անապահով հարեւանը, որ ունի «Ժիգուլի» մեքենա՝ հնարավորություն չունի «Փարոսից» օգտվելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829