Կորոնավիրուսն արհեստածին վիրուս է: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը՝ վկայակոչելով Հնդկաստանի գիտնականների գիտական փորձերը: «Հայելի» ակումբում Նունե Ներսիսյանը ներկայացրեց այդ փորձերի արդյունքները. «Հայտնաբերել էին, որ այն պարունակում է 2 տեսակի կորոնավիրուս՝ չղջիկի եւ օձի, ինչպես նաեւ 4 տեսակի ՄԻԱՎ վիրուսային վարակի հարուցիչներ։ Սա նշանակում է, որ վիրուսը կարող է լինել արհեստածին»:
Նրա խոսքով, կորոնավիրուսը եղել է նաեւ 2002թ-ին ու 2012թ-ին. «2019թ-ի դեկտեմբերին մենք տեղեկացանք Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դրանից մի քանի ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ եթե Չինաստանը խելքը չհավաքի գլուխը, իրենք շատ կփոշմանեն: Հաշվի առնելով հնդկական գիտնականների բացահայտումները, գալիս եմ մի եզրահանգման, որ սա արհեստածին վիրուս է»:
Ըստ նրա արհեստածին ցանկացած բան ունի նաեւ իր հակաթույնը, բայց դեռ պարզ չէ ինչ նպատակով է այս վիրուսն օգտագործվում եւ աշխարհաքաղաքական ինչ հայացքներ ունեն այն օգտագործողները:
Նունե Ներսիսյանը չի բացառում Իրանից վիրուսի փոխանցումը Հայաստան, քանի որ սահմանն ամբողջությամբ չի փակված եւ օդային ու բեռնափոխադրումների որոշակի հաղորդակցություն կա:
Կարդացեք նաև
«Առողջապահության նախարարի ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով ամբողջ հանրապետությունով խուճապ է տարածված։ Ես արդարացնում եմ այդ խուճապը, քանի որ ոչ մի տեսակի բացատրական աշխատանքներ, իրազեկումներ չեն իրականացվել»,- ասում է մասնագետը:
Նա ասաց, որ կորոնավիրուսի վարակներն ուղեկցվում են թոքաբորբով: Նաեւ նշեց, կորոնավիրուսի նախանշանները՝ գլխապտույտ, ջերմություն, չոր հազ, փորլուծություն, փսխում։ «Այն սովորական գրիպից տարբերվում է նրանով, որ սովորական գրիպի դեպքում ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 օրում, իսկ կորոնավիրուսի դեպքում՝ 14-ից 24 օրում»:
Նունե Ներսիսյանը մարդկանց կոչ արեց ինքնաբուժությամբ չզբաղվել ու չդիմել հակաբիոտիկների օգնությանը, քանի որ դրանք ավելի են երկարացնում գործընթացը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ