Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ֆուտբոլիստ ենք ուզում գնել, պետք է զբաղվածության կենտրոնից մի հատ ճշտենք՝ մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունե՞նք, որն ուզում է գործի տեղավորվել, աբսուրդ է». Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը

Փետրվար 26,2020 15:10

«Օտարերկրացիների մասին» օրենքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել: Խնդրի են հանդիպել ֆուտբոլ մարզաձեւում:

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ֆուտբոլ մարզաձեւում օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն սիրողական կամ պրոֆեսիոնալ մարզավիճակ եւ պատրաստվում են գործատուի հետ պայմանագիր կնքել, կազմակերպությունները կարող են շրջանցել բոլոր բյուրոկրատական խնդիրները: Խոսքն այս պահին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մասին է. «Գործող օրենքով ստացվում է, որ եթե աֆրիկական երկրից, Ֆրանսիայից մի ֆուտբոլիստ ենք ուզում գնել, պետք է զբաղվածության կենտրոնից մի հատ ճշտենք՝ մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունե՞նք, որն ուզում է գործի տեղավորվել, աբսուրդ է»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, ֆուտբոլային ակումբը չի կարողանում «աշխատանքային տրանսֆերով» պայմանագիր կնքել իքս երկրի հետ, որ նա խաղա տեղական թիմում: Բանը հասնում է նրան, որ Վրաստանի ինչ-որ կազմակերպություններ պետք է կնքեն, նոր տեղափոխեն, ինչը բարդություններ է առաջացնում եւ ազդում սպորտի բնագավառում նվաճումների, որակի վրա. «ՀՀ-ում գործող բոլոր ֆուտբոլային ակումբները խնդրում էին հնարավորինս շուտ միաձայն ընդունել այդ օրինագիծը»:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ եթե մենք ենք ուզում տրանսֆերով ֆուտբոլիստ առնել, 15-20 օրում դա կանեն, իսկ մերոնք՝ ոչ: Խնդիրներից մեկն այն է, որ մերոնք մեկ տարվա պայմանագիր են կնքում, ոչ թե 5 տարվա, ինչպես շատ այլ երկրներում: Դա իջեցնում է մարզիկի գինը, ֆինանսական հարցեր է առաջացնում:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ

    Նյութի առաջին երկու նախադասությունը հայերեն բառեր են, բայց հայերեն միտք չի:

    «Օտարերկրացիների մասին» օրենքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել:

    Խնդրի են հանդիպել ֆուտբոլ մարզաձեւում:

    1000 անգամ կարդացի ու չհասկացա, ՕՐԵՆՔՈՒՄ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ??? Կամ ինչ խնդիր???? ոչ առաջին, ոչ երկրորդ նախադասություններում խնդիր նշված չէ:

  2. Հռիփսիմե says:

    Հարգելի Նարեկ, շնորհակալ ենք արձագանքելու համար: Ընդհանրապես պարտադիր չէ, որ խնդիրը նշվի հենց առաջին կամ երկրորդ նախադասության մեջ, նյութի կառուցվածքը որոշում է հեղինակը: Տվյալ դեպքում խնդիրը ներկայացված է՝գործող օրենքով բյուրոկրատական քաշքշուկներ կան, որոնք նախագծի ընդունման պարագայում կչեզոքացվեն: Շնորհակալություն

  3. նարեկ says:

    Հարգելի Հռիփսիմե շնորհակալություն արձագանքելու համար

    Ես մտադիր չեմ որոշել ձեր նյութի կառուցվածքը, ուղղակի հայերենի օրենքներն իմանալով պնդում եմ, որ ձեր նյութի առաջին երկու նախադասությունը հայերենի օրենքներից դուրս են: Եվ եթե ասում եք, որ խնդրի են հանդիպել, պիտի ասեք ինչ խնդիր: Նյութից տպավորություն եմ ստանում, որ ընկել են արագ թողարկելու՝ ժամանակի հետեւից ու 100-րդ պլան մղել որակը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829