Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարաբեկյան. «Գիտությունն ու կրթությունը երկար տարիներ անջրպետված են եղել»

Փետրվար 26,2020 14:59

«Շուրջ 35 տարի դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում, եւ այս միջավայրն ինձ անչափ հոգեհարազատ է,- «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում եւ անվտանգություն» խորագրով ՄԱՀՀԻ-ի երիտասարդական ֆորումի ժամանակ նշեց բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Ասաց նաեւ, որ քննարկվող թեման ուղղված է երիտասարդությանը, որովհետեւ կրթական եւ գիտական համակարգերում ցանկացած փոփոխության հասցեատերը հիմնականում երիտասարդությունն է, այն մարդիկ, որոնց համար փոփոխություններն իրականացվում են:

Նրա խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հեղափոխական փոփոխությունները կարող են անմիջապես մակերեսում երեւալ. «Իհարկե դա այդպես չէ, հատկապես այնպիսի համակարգերում, որոնցից են՝ կրթությունը, գիտությունը, որոնք հիմնված են որոշակի ավանդույթների վրա, եւ որոնց վրա նախորդող ժամանակաշրջանում բազմաթիվ խեղաթյուրումների հետեւանքներ կան:

Մեր քաղաքականության մեջ մենք միաժամանակ երկու խնդիր լուծելու հնարավորություն ունենք: Առաջինը՝ լրացնել այն բացը եւ այն հետընկնումը, որն այս պահին առկա է, երկրորդը՝ միեւնույն ժամանակ մշակել այնպիսի ուղղություններ եւ նախագծել այն հիմնական ճանապարհները, որոնցով մեր կրթական եւ գիտական համակարգը պետք է ընթանա առաջիկայում»:

Սամվել Կարաբեկյանի համոզմամբ, առանց առաջին խնդիրը լուծելու, հնարավոր չէ լուծել երկրորդը: Խոսելով հանրակրթության ոլորտի մասին՝ ասաց, որ շուտով կավարտեն նոր չափորոշիչների պատրաստումն ու հաստատումը, որոնք համահունչ կլինեն կրթության ժամանակակից միտումներին եւ լուծելիք խնդիրներին: Ասաց, որ ակտիվ փուլում են նաեւ կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության ռազմավարությանն ուղղված աշխատանքները, միեւնույն ժամանակ նախապատրաստվում են որոշակի օրենսդրական փոփոխություններ:

Նա կենտրոնացավ հատկապես գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտների, ԱԺ-ում այդ ոլորտի բարեփոխումների եւ պատրաստվող օրինագծի վերաբերյալ լսումների վրա: «Որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսում է օրինագիծը: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կունենանք միասնական օրենսդրական դաշտ, որը կկարգավորի բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները: Ավանդաբար գիտությունը եւ բարձրագույն կրթությունը դիտարկվել են որպես երկու առանձին համակարգ, որոնք երբեմն որոշակիորեն համագործակցել են, սակայն համակարգային առումով, ըստ էության, անջրպետված են եղել»,-ասաց Կարաբեկյանը: Խոսեց նաեւ ուսանողակենտրոն կրթությունից, ասաց, որ օրինագծի ողջ տրամաբանությունը դրան է ուղղված: Խոսեց նաեւ գիտելիք վրա հիմնված տնտեսությունից եւ բուհերի ընդունելության համակարգում կատարվելիք փոփոխությունից:

«Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ պետական ֆինանսավորումը ուսանողին տրվում է ըստ գիտելիքի կամ ըստ ցուցաբերած արդյունքի»,-հայտնեց բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը: Նրա ձեւակերպմամբ, ուսանողը միջնորդավորված կերպով դառնում է պետության փողի տերը, եւ այլեւս հրաժարվում ենք հեռակա եւ առկա ուսուցման ժամանակավրեպ համակարգից, որը էապես խաթարում էր կրթության որակը: «Մենք կունենանք լրիվ բեռնվածությամբ եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության եղանակ»,-ասաց Սամվել Կարաբեկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829