Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ». Իմքայլականները «Գազպրոմին» ու այլ ընկերություններին չեն թողնելու ՀՀ նախագահից բարձր աշխատավարձ սահմանել ու թողնել դա մեր վրա

Փետրվար 26,2020 14:46

Իմքայլական պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը եւ Վարազդատ Կարապետյանն առաջարկ են ներկայացրել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Արտակ Մանուկյանն ասաց, որ սրանով ուզում են կանոնակարգում մտցնել եւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, եթե սակագի մեջ ներառում են աշխատավարձի ֆոնդը, վերին շեմ սահմանեն. «Եթե սեփականատերը կամ խորհուրդը կորոշի, որ իրենց մենեջերին պետք է ավելի շատ փող տա, խնդիր չկա, բայց դա պետք է անեն շահույթի հաշվին»:

Այս պահին նախագահի համար է գործում ամենաբարձր դրույքաչափը, դա 20-ապատիկն է: Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ այս պահին ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյայի աշխատավարձը 1,3 մլն դրամ է. «Հանրային ծառայության որոշ ընկերություններում, ես չեմ ասում բանկեր կամ այլ ընկերություններ, կան մենաշնորհային հանրային ծառայության ընկերություններ, որտեղ տնօրենները, տնօրենների տեղակալները կարող են ստանալ 10, 15, 20 հազար դոլար աշխատավարձ: Մենք ոչ թե ասում ենք՝ դուք իրավունք չունեք ձեր տնօրեններին բարձր աշխատավարձ տալ, այլ ասում ենք՝ այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ, եթե մտցնում եք, մտցրեք այն չափով, ինչ չափով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյան է ստանում»:

Սա հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել: Առաջարկը որեւէ ազդեցություն սակագնի վրա չունի, եւ միմիայն ենթադրում է վերին եւ ստորին շեմերի միջեւ խզվածության մեղմում, ինչպես նաեւ վերին շեմի մասով կանոնակարգում:

Հարցրեցին՝ այլեւս պարգեւավճար չե՞ն կարող տալ՝ Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ն սահմանում է աշխատավարձի ֆոնդ, իրենք առաջարկում են, որ աշխատավարձի մեծության շեմը կանոնակարգել. «Եթե դուք կուզենաք աշխատավարձի ֆոնդից ավելի տալ, ասենք, մասնագետ է, արժանի է, էլի ձեր մոտեցումների հաշվին արեք»:

Հարցին՝ ենթադրենք, իքս ընկերությունում մեկը ստանում է 5 մլն դրամ աշխատավարձ, օրինագծի ընդունումից հետո ի՞նչ է ստացվելու, 1,3 մլն դրա՞մ է առավելագույնը ստանալու՝ Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ էլի կարող է 5 մլն-ը ստանա, բայց հանրության համար առավելագույնը իր աշխատավարձը ազդեցություն կունենա 1,3 մլն-ի չափով, հասարակությունը դրանից ավելի չի վճարելու այդ մարդու աշխատավարձի համար:

Բաբկեն Թունյանն ասաց. «Եթե սրա հետեւանքով այնպես է լինելու, որ ինքը նվազեցնի աշխատավարձերը, դա ընկերության իրավունքն է, բայց իրենք ձգտելու են ամեն դեպքում իրենց շահույթը մաքսիմալացնել: Ցավոք, երբ մենք նայում ենք որոշ ընկերությունների գործելաոճը, իրենց կատարած ներդրումները, մենք հասկանում ենք, որ, մեղմ ասած, խնդիրներ կան: Երբ խոսում ենք, օրինակ, հանրային ծառայությունների մասին, ես կողմ կլինեի, որ այնտեղի թոփ մենեջմենթը պաշտոնյաների նման հայտարարագիր ներկայացնեն, որովհետեւ իրենք համարյա պետություն են պետության մեջ, թող ներկայացնեն, բոլորը տեսնեն իրենք ինչքան աշխատավարձ ունեն: Ես հասկանում եմ, որ սա կարող է սոցիալական դժգոհության թեմա դառնալ, բայց եթե իրենք համարում են, որ իրենք արժանի են այդ աշխատավարձը ստանալ, ուրեմն թող հանրությունը տեսնի, որովհետեւ հանրային ծառայություններով զբաղվող խոշոր կազմակերպությունը շաուրմայանոց չի, որ հազիվ ծայրը ծայրին հասցնի»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր նայել տնտեսվարողի շահի տեսանկյունից:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ այս նախագիծը ազդելու է հիմնականում միայն «Գազպրոմ Արմենիայի» վրա:

Նախագիծը առայժմ հետաձգվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829