Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՔԾ եւ ճանաչվել է տուժող: Այս մասին այսօր նա ասաց, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, հարցը վերաբերվում է իր` նախկինում դատված լինելու մասին «Հրապարակ» թերթի հրապարակմանը։ Սուրեն Պապիկյանն այդ հարցով դիմել էր իրավապահներին, ՀՔԾ-ում է գործ է հարուցվել: Սուրեն Պապիկյանը պնդեց`ինքը լրագրողի կամ լրատվամիջոցի հետ որեւէ խնդիր չունի, իր խնդիրը «պետական պաշտոնյայի մասին կենսագրական գաղտնի տվյալները իրավապահ համակարգից դուրս հանողի» հետ է։
Հրապարակումից հետո Սուրեն Պապիկյանն այդ թեմայով ՖԲ ուղիղ եթերում ակնարկել էր, որ կասկածներ ունի, թե ո՞վ կարող էր տվյալ տեղեկատվությունը «դուրս հանել». «Այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին, ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»: Սուրեն Պապիկյանին արձագանքել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ «Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի»:
Լրագրողներից մեկը հարցրեց`իր կասկածները Արթուր Վանեցյանի՞ առնչությամբ էին: «Ես ասել եմ այն, ինչ պիտի ասեի։ Թե ով ինչ ակնարկ է տեսնում դրա տակ, դա իր խնդիրն է: Ես որեւէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է, իրավապահները թող պարզեն»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը:
Կարդացեք նաև
Hraparak.am-ի լրագրողի հարցին՝ իր նպատակը ո՞րն է, որ լրատվամիջոցն իր աղբյուրը բացահայտի՞, նախարարը պատասխանեց` իր նպատակն է պարզել, թե պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունն ի՞նչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, ո՞ր պաշտոնյայի կամ ոչ պաշտոնյայի միջոցով։
Լրագրողը հիշեցրեց, որ նախկինում թե «Հրապարակը», թե այլ լրատվամիջոցներ նմանատիպ տեղեկություններ բազմիցս հրապարակել են նախկին պաշտոնյաների մասին`քանի որ հանրային անձանց կենսագրական տվյալները հրապարակային են: «Եթե ես ձեր լրատվականի հետ խնդիր ունենայի կամ ունենամ, ես կդիմեի դատարան, մինչ այժմ ես դատարան չեմ դիմել»,- թեման եզրափակեց Սուրեն Պապիկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ