Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական որոշում չունենք». Սուրեն Պապիկյանը` լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին

Փետրվար 26,2020 13:42

«Իմ քայլը» իշխող ուժը քաղաքական որոշում չունի`լրատվամիջոցների հետ իր աշխատանքի սահմանափակումների մասին: Այդ պնդումն այսօր արեց «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը`ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե ինչո՞ւ են իրենց բաց, ազատ, թափանցիկ հայտարարած իշխանության ներկայացուցիչները ընտրովի վերաբերվում լրատվամիջոցներին: TV 5 հեռուստաընկերության ղեկավարները քանիցս են հայտարարել, որ իշխող ուժի ներկայացուցիչները մերժում են իրենց հրավերները, նման խնդիր առաջացել է նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ: Վերջերս նաեւ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ գործընկերուհուս`տեղեկանալով, որ նա ներկայացնում է 168.am կայքը:

Ի դեպ, ասուլիսին ներկա «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողը հավելեց, որ հեռուստաընկերության ղեկավարությունն այս հարցով պաշտոնական նամակ է ուղարկել «Այո»-ի շտաբ:

Նշենք նաեւ, որ հատկապես քարոզարշավի շրջանում լրատվամիջոցները գտնվում են մշտադիտարկման տակ եւ նման խնդիրները բարդացնում են աշխատանքը:

Պնդելով, որ իշխող ուժը խտրականություն սահմանող քաղաքական որոշում չունի, Սուրեն Պապիկյանը հորդորեց լրագրողներին`հարգել նաեւ իր գործընկերների խոսքի իրավունքը`ասելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի որոշել`ո՞ր լրատվամիջոցին հարցազրույց տալ, որ լրատվամիջոցի հարցերին չպատասխանել: «Եթե ես TV 5-ին մերժեմ, չեմ բացառում, որ կմերժեմ, կհիմնավորեմ»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Հարցն`ի՞նչ հիմնավորմամբ կմերժի, նա պատասխանեց, որ պարզապես օրինակ է բերում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829