«ՀՀ-ԵՄ համաձայնագրում նախատեսված են մոտ հարյուր գործողություններ, որոնցից միայն 80-ը կիրականացնի մեր նախարարությունը: Աշխատանքները սկսված են: Ջրային ոլորտի քաղաքականության փոփոխությանն առնչվող 2019թ.-ի գործողություններն արդեն իրականացրել ենք»,-ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը նվիրված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2222350421392802/
Նրա փոխանցմամբ՝ 2020թ.-ին նախատեսվելիք գործողությունների մեծամասնությունը վերաբերում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործառույթներին. «Փաթեթն արդեն մշակված է եւ ներկայացված կառավարությանը: Մեր մշակած քաղաքականությունը վերաբերում է ոլորտի մոտեցումների վերանայմանը, ինչը համահունչ է ԵՄ-ի բնապահպանական քաղաքականությանը: Եթե ՀՀ-ում եւ հետխորհրդային այլ երկրներում շրջակա միջավայրի քաղաքականությունը հիմնված էր փոխհատուցման վրա, այսինքն՝ վճարեք եւ աղտոտեք, ապա եվրոպական բնապահպանական քաղաքականությունը հիմնված է կանխարգելման վրա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/511672972825207/
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ-ն, թեեւ համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետեւանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը. «Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3°-ով բարձրացում եւ տեղումների 9%-ով նվազում: Սա նշանակում է, որ կլիմայի փոփոխության ազդեցություն արդեն իսկ կրում ենք եւ ակտիվ ներգրավված ենք, այդ թվում ԵՄ-ի աշխատանքներում, մի շարք գործողություններ են նախատեսված: Մեծ աշխատանք պետք է արվի, որպեսզի ՀՀ տնտեսությունը հարմարվի կլիմայի փոփոխությանը: Բոլոր ոլորտների համար մշակելու ենք ճանապարհային քարտեզ: Գյուղատնտեսության ոլորտն, օրինակ, կիրազեկվի, թե կլիմայի փոփոխությունների հետեւանքով ինչ ազդեցություն է կրելու»:
Ներկաներից հետաքրքրվեցին, թե ջրօգտագործման, մասնավորապես՝ խորքային ջրերի օգտագործման ոլորտում խնայողությունների ուղղությամբ ինչ աշխատանքներ են նախատեսվում: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ միայն 2019թ.-ին 100 միլիոն խ/մ ջուր է տնտեսվել. «Նախարարությունը 2018թ.-ի մայիսից հետո Արարատյան դաշտում որեւէ ձկնաբուծարանի համար նոր ջրօգտագործման թույլտվություն չի հաստատել: Եթե չկա խախտում, թույլտվությունն օրենքի ուժով համարվում է երկարաձգված՝ պետական տուրքի վճարմամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ