Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա ձեւավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ». Սուրեն Պապիկյան

Փետրվար 26,2020 13:24

«Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան, տեսակետ հայտնեց, որ «կա ձեւավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ»: Հարցը վերաբերում էր նրան, որ «Ոչ»-ի քարոզարշավի բացակայությունը բարդացնում է իշխանության եւ «Այո»-ի կողմնակիցների գործը:

Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից հանրաքվեի բոյկոտին, բանախոսն ասաց. «Բոյկոտի կոչը շատ ավելի վատ երեւույթ է, քան դուրս գալ եւ ասել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ ենք այսինչ հիմնավորումներով։ Դա շատ ավելի պարզ է, եւ քաղաքացու համար ընկալելի է, քան անորոշ ու որեւէ կերպ չհիմնավորված բոյկոտի կոչը»։ Սուրեն Պապիկյանը համոզված է` բոյկոտի հեղինակները շատ ավելի մեծ վնաս են հասցնում քաղաքացուն ու նրա գիտակցությանը: Այս ամենին մանրամասնորեն պատրաստվում է անդրադառնալ. «Քարոզարշավի ընթացքում ես պատրաստվում եմ մշտապես անդրադառնալ մեր սիրելի այդ գործիչներին»։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 2018 թվականի ընտրություններին, «Իմ քայլին» անհրաժեշտ էր 850 հազար քվե, այժմ`650 հազար եւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում համոզել քաղաքացիներին`տալ իրենց այդ քվեն: «Կենաց-մահու կռիվ չենք տալու»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Նաեւ հավաստիացրեց, որ չարաչար սխալվում են իրենց ընդդիմախոսները, երբ հայտարարում են, թե «Այո»-ի կողմնակիցները գնալու են ու մարդկանց ասեն. «Փաշինյանն այսպես է ուզում, այսպես արեք»:

«Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ քաղաքացուն, որ ինքը որոշի, թե ինչ ընթացք է ուզում ստանալ մեր երկիրը, սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից, այդ իրավունքը ինքը ձեռք է բերել: Չկա առավել ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն»,-ասաց նա` հավելելով, եթե ՀՀ քաղաքացին այլ բան կորոշի, իրենք հաշվի կնստեն այդ որոշման հետ:

Սուրեն Պապիկյանը նաեւ հորդորեց որեւէ կերպ իրեն եւ Հովիկ Աբրահամյանին չհամեմատել: Հիշեցնենք, մամուլում բազմիցս զուգահեռներ եղան, որ նախորդ իշխանության տարիներին էլ Հովիկ Աբրահամյանն էր նախընտրական-քարոզչական շտաբները ղեկավարում`տարածքային կառավարման նախարարի, ապա այլ պաշտոններում, որպեսզի մարզերում «կազմակերպի» իշխանությանը ձեռնտու արդյունքներ: «Ես որեւէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը: Ավելին ասեմ, ի տարբերություն ձեր նշածի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը: Ես որեւէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որեւէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ այլ բաների հետ»:

Պատասխանելով հարցին`կարո՞ղ են երաշխավորել, որ ուղղորդումներ չեն լինելու, մանավանդ, վարչապետն էլ երեկ հայտարարել էր, որ անձամբ կտրելու է քվեաթերթիկ կեղծողների ձեռքերը, կա՞ն հստակ ցուցումներ, Սուրեն Պապիկյանն ասաց. «Որեւէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք»:

«Այո»-ի շտաբի ղեկավարը հայտարարում է` եթե որեւէ մեկը կորոշի հաճոյանալ իշխանությանը կամ իր կարծիքով ճիշտ կհամարի այդպիսի գործելաոճը, ապա նրանք բոլոը հավասար կլինեն օրենքի առաջ. «Ցուցումը մեկն է`որեւէ մեկը չպիտի գերազանցի իր լիազորությունները»: Սուրեն Պապիկյանը պնդեց նաեւ, որ ՀՀ քաղաքացուն ընձեռած իրավունքը որեւէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի. «Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու: Մենք պետք է գնանք, մարդկանց հետ զրուցենք, ու ասենք՝ այս պրոցեսը շատ կարեւոր է: Մենք չենք խուսափում մեր ժողովրդի հետ խոսելուց»:

Երեկ կայացած դրամահավաքից հետո, սոցիալական ցանցերում գրառումներ եղան այն մասին, որ իշխող ուժը օրենք է խախտում, քանի որ «Այո»-ի քարոզչական նպատակների համար պետք է հիմնադրամ մուտք արվի 100 միլիոն դրամ: Մինչդեռ հավաքվել է 205 միլիոն դրամ: Ըստ օրենքի, ավել հավաքված գումարը պետք է մուտքագրվի պետական բյուջե, սակայն, վարչապետը ֆեյսբուքյան գրառում կատարեց այն մասին, որ դա կուսակցության`ՔՊ-ի դրամահավաքն էր, ուստի հավելյալ գումարը կփոխանցվի կուսակցության կարիքներին:

Սուրեն Պապիկյանը նույնպես պնդեց` միջոցների հավաքագրումը կազմակերպվել է կուսակցության կողմից ու ոչ միայն քարոզարշավի կազմակերպման նպատակով։

«Սա «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաք երեկոն է, ոչ թե «Այո»–ի շտաբի։ Հասկանալի է, որ մնացած գումարը կհատկացվի կուսակցության ներկա կարիքներին։ «Այո»–ի շտաբի ծախսերը 100 միլիոնը չեն գերազանցի, հավաստիացնում եմ»,–ասաց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վլադիմիր Հարությունյան says:

    Պարոն Պապիկյան, հարգելիս: Որ մեզ տեղեկացնում եք այն մասին, որ ձևավորված է <>-ի ընդհատակյա շտաբ, նպատակը որն է: Եթե նպատակն այն է, որ ժողովուրդը պայքարի դրանց դեմ,մերժի և արհամարհի, ապա այդ ամենը ժողովուրդն արդեն կատարել է` սատարելով Ձեզ և Ձեզ հանձնելով երկրի իշխանության ղեկը: Բայց այս իրավիճակում արդեն Ձեզ ուղղված հարց է ի հայտ գալիս. <<Իսկ ինչով է զբաղված եղել օրվա իշխանությունը անցած երկու տարում, որ Հայաստանում առկա են ուժեր, որոնք պատրաստ են և ի զորու են կազմակերպել հակաիշխանական, իմա` հակապետական ընդհատակյա շտաբներ: Անցած ամիսների ընթացքում իշխանության և այդ ուժերի փոխհարաբերությունները, ավաղ, վկայում են տխուր և վտանգավոր միտման մասին: Ոնց որ նախորդ քսան տարիների ընթացքում իշխանությունները բուծում և կերակրում էին գրպանի ընդդիմություն, ներկայիս իշխանությունները հանդուրժում և նույնպես կերակրում են` ի դեմս նախկին ռեժիմի ներկայացուցիչների, իրենց համար ձեռնատու և շահավետ ընդդիմություն: Դրանով իսկ թույլ չտալով որպեսզի երկրում ձևավորվի և կայանա, ոչ թե կերակրատաշտի մոտ վեդառնալու ձգտող, այլ առողջ իրական քաղաքական ընդդիմություն: Եվ առհասարակ, Հայաստանում վերջապես կայանա քաղաքական կյանք: Որպես միակ այլընտրանք ժողովրդի կողմից կտրականապես մերժված նախկին իշխանական զանգվածը պահելը կարող է լուծել իժխանությունը պահպանելու կարճաժամկետ և բարոյական տեսակետից բավականին կասկածելի մի հատվածում: Բայց ոչ երբեք` ռազմավարական մոտեցմամբ: Ընդդիմադիր դաշտը նախկիններով միտումնավոր զբաղեցնելը և իրական քաղաքական ընդդիմության կայացմանը խոչընդոտելը դա ակնհայտ և միտումնավոր, ընդգծված հակապետական քայլ է: Նախկիններին այս դերակատարումը վերագրելն ու նրանց այս կարգավիճակում պահպանելը չափազանց վտանգավոր մի խաղ է: Ժողովուրդն էլ , ի վերջո ամեն ինչ հասկանում է: Նման դեպքերի համար է ռուսն ասել. <>:

  2. Harutyun Karapetyan says:

    ինչ որ ցանել եք, այն էլ հնձելու եք: 2018թ. ապրիլի 16-ին հրապարակում Նիկոլի հրապարակած ճանապարհային քարտեզն իրականացնեիք, ձեռնատու չէր, չէ՞, որ 2 օր հետո Նիկոլը Մարտունիում հայտարարեց, որ իր խոստումները լրիվ կատարել է, այսինքն խաբեց ժողովրդին: դե, արմատախիլ արած կոռուպցիայի մասին էլ չենք խոսում: Անձամբ, հանգիստ խղճով բոյկոտ կանեմ, որն հավասար է -ին: Վստահ եմ, որ էլ հները չեն կարող վերադառնալ, բացառված է: էդ ՔՊ-ն է բո-բո սարքում իրենց իշխանությունը ձգելու նպատակով: Իշխանությունը, այն էլ հիմնականում անգրագետների համար, շատ քաղցր է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829