«Այո»-ի շտաբը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի ակտիվ փուլը կսկսի մարտի 2-ից, Սյունիքի մարզից` Մեղրիից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Ակտիվ քարոզչական շրջանը կտեւի մինչեւ ապրիլի 3-ը:
Նախընտրական քարոզարշավին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ ընթացքում նա ժամանակ առ ժամանակ արձակուրդ կմեկնի. դա կլինի այն օրերին, երբ վարչապետը կլինի հեռավոր մարզերում`քարոզչական նպատակներով:
Եկող շաբաթ աշխատանքի կվերադառնա «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը`Վրաստան պետական-պաշտոնական այցի պատճառով: Վրաստանից վերադառնալուց հետո նա կրկին կգտնվի արձակուրդում եւ կզբաղվի քարոզչությամբ:
Շտաբի քարոզչական աշխատանքներում ներգրավված գործադիր մարմնի անդամները, ամենայն հավանականությամբ, նույնպես երկարատեւ արձակուրդում չեն գտնվի: Քարոզչական աշխատանքներին ակտիվ ներգրավվելու են նաեւ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք ներկայացնում են մարզերը:
Կարդացեք նաև
«Այո»-ի քարոզիչները շրջելու են մինի-ավտոբուսներով`«զարդարված» համապատասխան քարոզչական պաստառներով, լինելու են հանրապետության բոլոր մարզերում եւ ամեն օր շրջելու են գյուղերով: Թե ովքե՞ր կլինեն ընդգրկված քարոզչական խմբերում, Սուրեն Պապիկյանը չմանրամասնեց:
Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն «Այո»-ի քարոզչական մեքենաները, կլինեն հանրահավաքներ: Ամփոփիչ հանրահավաք Երեւանում կլինի, թե`ոչ, «Այո»-ի շտաբում դեռ որոշում չունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ