Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:
ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն