«ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացող են եւ դինամիկ: ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրն առանցքային դեր ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում»,-ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը նվիրված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դրական զարգացման մասին է վկայում ՀՀ-ին տրվող աջակցության ծավալի մեծացումը: Մեզ հաջողվել է ավարտել 2017թ.-ի 34,5 միլիոն եվրոյի եւ 2018թ.-ի 46 միլիոն եվրոյի գործընկերությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման, հաստատման գործընթացները: 2019թ.-ի գործողությունների աջակցության համաձայնագրերն արդեն իսկ համաձայնության են արժանացել եւ կստորագրվեն առաջիկայում, որոնցով աջակցության ծավալը զգալի ավելացել է՝ կազմելով 65 միլիոն եվրո: Իսկ 2020թ.-ի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության ուղղություններն արդեն նախանշվել եւ հստակեցվել են: Նախատեսվող աջակցության ծավալը, հուսամ, կլինի ավելին, քան 2019թ.-ի համար նախատեսված գումարի չափը»,-հայտնեց Մհեր Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի այս տարվա աջակցության ծրագրերը նախատեսվում են արդարադատության եւ ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների համար:
Մհեր Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ՀՀ-ի համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, եւ դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս պահին վավերացրել են ԵՄ 23 պետություններ, եւս 5 պետություն դեռ պետք է վավերացնի այն, ինչից հետո միայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ