Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Հեղափոխական իշխանությունը պետք է ֆինանսավորի հանրակրթությունը»

Փետրվար 26,2020 12:10

«Ի՞նչ պետք է անի պետությունը ընդհանրապես եւ մասնավորապես իշխանությունը, որն ունի բարձր լեգիտիմություն եւ հեղափոխական է: Առաջին հերթին պետք է ֆինանսավորի կրթությունը, որովհետեւ հատկապես հանրակրթությունն ունի լուրջ ֆինանսավորման կարիք: Տարիներ շարունակ մեր բյուջեում հանրակրթության ֆինանսավորումն աճելու փոխարեն, որը Կրթության մասին օրենքով է պահանջվում, նվազել է: Այսօր ֆինանսավորման մի չափ է, որը բավարար չէ ունենալ մեր երազած կրթությունը»,- ՄԱՀՀԻ-ում կայացած քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ խոսելով հանրակրթության ոլորտից:

Տիկին Բախշյանը մեկ այլ կարեւոր խնդրից էլ խոսեց. «Դա Կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը հինգ տարի է՝ չունենք: Ծրագրի անհրաժեշտությունը պետության տեսլականը ներկայացնելն է, պետության պատվերը՝ նախադպրոցական հիմնարկ, դպրոց, բուհ…Այ, այդ պատվերն է, որը չունենք, եւ չգիտեմ էլ, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:

Առարկայական պետական չափորոշիչների վերանայման գործընթաց է գնում, որն անցյալ տարի է սկսվել, ու մարտին պետք է ավարտվեր, որից հետո չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր եւ նոր ինչ-որ բան պետք է լիներ: Այս պահին Հանրակրթության մասին օրենքի փոփոխություն է նախատեսվում, որով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կասեցնում են մինչեւ 2022 թ, քանի որ կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, եւ անտեղի է համարվում ուսուցիչների վերապատրաստման վրա գումար ծախսելը, քանի որ 2022 թ-ից նոր չափորոշիչներ, նոր ծրագրեր են լինելու: Այս փոփոխությունը նախապատրաստվում է, ինչը ինձ համար հասկանալի չէ: Ես որպես կրթության մարդ՝ մտածում եմ, որ դա այդքան էլ խելացի բան չէ»:

Անահիտ Բախշյանը նշեց, որ անցյալ 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրակրթության բարեփոխման վրա տարբեր վարկային ծրագրերով 103, 75 միլիոն դոլար է դրվել: «Թվում էր, թե այդ բարեփոխումների արդյունքը պետք է տեսնեինք երկու տասնամյակ հետո, բայց տարբեր ստուգումների արդյունքներ դպրոցներում այնքան էլ հուսադրող չեն: Այսինքն` այսօրվա իշխանությունը այդ ժառանգությունն է ստացել, եւ լուրջ ու արմատական վերաբերմունքի փոփոխության կարիք ունի՝ շարունակելու այդ բարեփոխումները: Պետությունը պետք է նախ լավ օրենքներ ունենա»,-կարծիք հայտնեց կրթության փորձագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829