Երեկ խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի թեմայով հանրային քննարկում էր կազմակերպվել։ Քննարկմանը ներկա էր վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ում հետ մենք հարցազրույց արեցինք։ Հիմնականում քաղաքական բնույթի հարցեր տվեցինք, թեեւ պարոն Խունդկարյանը փորձում էր ավելի շատ իրավական պատասխաններ տալ՝ խուսափելով ուղիղ գնահատականներից։ Նախ հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ կնպաստի դատական համակարգի եւ դատավորների անկախությանը, դատական համակարգի հանդեպ վստահության աճին Դատական օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթը, որը քննարկվում է ԱԺ-ում։
«Ասեմ, որ Հայաստանի անկախության գոյության տարիներին դատաիրավական բարեփոխումներն անընդհատ տեղի են ունեցել, եւ մենք հիմա արդեն չորրորդ փուլում ենք դատաիրավական բարեփոխումների։ Եվ այդ փոփոխությունները պետք է լինեն անընդհատ։ Եվ ես նախ ուզում եմ արձանագրել, որ այս նախաձեռնությունը շատ դրական է, երբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ քննարկում են, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչպիսի լուծումներ կարող են տալ։ Իսկ, ընդհանրապես, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից ես շատ կարեւորում եմ հասարակության ներկայացուցիչների ներգրավվածությունն այդ գործընթացին»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։
– Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում բավականին կոշտ արտահայտվեց դատավորների հասցեին՝ նշելով, թե «կան պատերի տակ վնգստացող դատավորներ»։ Ձեր դատարանում կա՞ն վնգստացող դատավորներ։
– Էսպես ասեմ՝ ես իմ շրջապատում որեւէ նման անձնավորություն չեմ ճանաչում։ Ես չեմ ընդունի դատավորի այն կերպարը, որը որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն կկայացնի։
Կարդացեք նաև
– Իսկ գործադիր մարմնի ղեկավարի կողմից նման գնահատականներին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Տեսեք, դատավորներն իրենք երեւի լրագրողների համար հետաքրքիր զրուցակիցներ չեն, որովհետեւ մենք՝ դատավորներս, ունենք մեզ կաշկանդող վարքագծի կանոններ, եւ ամեն մի երեւույթի շուրջ չէ, որ մենք կարող ենք մեր կարծիքը բարձրաձայն ներկայացնել։ Դատավորն իր վարքագծով էնպիսին պետք է լինի, որ իր անաչառությունը որեւէ մեկի մոտ երբեք կասկածի չարժանանա։ Եվ եթե դատավորն ի սկզբանե որեւէ երեւույթի, որեւէ դատողության, որեւէ մտքի շուրջ նախապես կարծիք հայտնի, դա կնշանակի, որ այդ դատավորն ապագայում նմանատիպ վեճեր քննելիս այլևս չի կարող լինել անաչառ։
– Այսինքն՝ կարող են վիրավորել դատավորներին, եւ վերջիններս չարձագանքեն կամ որեւէ կարծիք չհայտնե՞ն այդ վիրավորանքի վերաբերյալ։
– Ցավոք սրտի, դա էդպես է, որովհետեւ դատավորը երբեք չպետք է փորձի բոլոր կարծիքներին պատասխաններ տալ։ Դատավորը խոսում է միայն իր դատական ակտերով։ Դատավորն իր հուզմունքը, իր կարծիքը կարող է արտահայտել միայն եւ միայն իր դատական ակտերում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում