Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել ոչ թե գործիչներին, այլ հասարակությունը

Փետրվար 26,2020 10:00

Ընթերցողներից մեկն ինձ կշտամբում է. «Ինչո՞ւ եք գրում, որ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մարդկանց «դուխաթափ» եք անում: 2015 թվականի մասին էլ էիք գրում, որ արդյունքները պարզ էին: Այդպիսով մարդկանց վանում եք քաղաքականությունից»:

Պատասխանեմ. նախ՝ ոչ մեկին «քաղաքականապես ոգեւորելու» պարտականություն ինձ վրա չեմ վերցրել: Վստահ եմ, որ այս կյանքում կան ավելի կարեւոր արժեքներ եւ նպատակներ, քան այս կամ այն, ներկա կամ նախկին իշխանավորին կուռք սարքելը կամ անիծելը:

Իսկ եթե խոսենք ըստ էության, ապա տարբերությունը մեծ է. 2015 թվականին հանրաքվեի արդյունքները կանխորոշված էին, որովհետեւ, չնայած քաղաքացիների մեծամասնությունը խիստ բացասաբար էր տրամադրված այդ ժամանակվա իշխանությունների հանդեպ եւ այդ ու միայն այդ պատճառով ասում էր «ոչ», սակայն իշխանությունները խեղաթյուրեցին այդ մեծամասնության կամքը եւ այդ «ոչ»-ը դարձրեցին «այո»:

2020 թվականի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են, որովհետեւ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված նախկին իշխանությունների հանդեպ (համապատասխանաբար, դրական է վերաբերվում այդ իշխանություններին գահընկեց արած Նիկոլ Փաշինյանին) եւ այդ ու միայն այդ պատճառով ասելու է «այո»: Քաղաքացիների կամքը խեղաթյուրելու որեւէ կարիք չի լինելու: Կանխորոշված լինելու ո՞ր տարբերակն է գերադասելի: Ինձ թվում է՝ երկրորդը:

Չնայած անձամբ ես կցանկանայի քաղաքացիներին հետաքրքրեր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանը, պետական կարգը, օրինականությունը: Բայց մշակույթի եւ իրավագիտակցության ներկայիս մակարդակում դա անհնար է ակնկալել, եւ ես հեռու եմ որեւէ մեկին մեղադրելու կամ դատելու ցանկությունից (վիրտուալ դատախազների եւ դատավորների պակաս մեր հասարակության մեջ չի զգացվում), պարզապես արձանագրում եմ իրողությունները:

Այսպիսով, անկախ Հայաստանում կար երեք տիպի իշխանություն: Առաջինին (1991-ից մինչեւ 1998 թվականը) առանձնապես չէր հետաքրքրում քաղաքացիների կարծիքը, որովհետեւ այդ իշխանությունն իր առաքելությունն էր տեսնում դեպի նոր հասարակարգ անցում կատարելու (թե ինչպես է դա արվել, այլ հարց է) եւ պատերազմում հաղթելու մեջ: Երկրորդ իշխանությանը (1998-ից մինչեւ 2018 թվականը) քաղաքացիների կարծիքը բացարձակապես չէր հետաքրքրում, որովհետեւ նպատակը փող աշխատելն էր, հարստանալը: Ներկա իշխանությանը քաղաքացիների կարծիքը չափազանց (կասեի անգամ՝ չափից դուրս) հետաքրքրում է, եւ այդ կարծիքը (երբեմն տգիտության, սնահավատության, ստորին բնազդների վրա հիմնված) օգտագործվում է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար:

Եվ դարձյալ՝ այստեղ կշտամբելու որեւէ առիթ չկա՝ քաղաքական գործիչներն իրենց գործն են անում: Նրանց փոխել հնարավոր չէ եւ պետք չէ: Փոխել հասարակությունը՝ այ, դա իսկապես հավակնոտ ծրագիր է: Որքան շատ անհատներ նման հավակնություններ ունենան, այնքան լավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մեծամասնության կամքը խեղաթիւրելը» մէկէ աւելի տեսակներ, տարբերակներ, մեկնութիւններ ունի:

    Իսկ անցեալի եւ ներկայի պարագային, նոյնութիւնը այն է թէ մեծամասնութեան կամքը ամէն դէպքում չէ հիմնուած բաւարար չափով լուսաբանուած հաւանութեան վրայ (informed consent) : Առանց որու, օրինակի համար, պայմանագրի մը ներգոյ ստորագրութիւն մը իսկ չեղեալ է, ըստ Օրէնքի:

    Իսկ ինչպէ՞ս կարելի է արդէն իսկ հաստատել թէ այլազան խարդախութիւններ ալ տեղի պիտի չունենան, այս հանրաքուէին… Ենթադրենք, նոյնիսկ իսկապէս անկախ Փաշինյանի կամքից…

    Սակայն ես չեմ ասում որ կողմնորոշուած էք. այլ աւելի շուտ՝ fatalist էք: Եւ դա հասկանալի է, կացութեան յարմարուելու իմաստուն ձեւ մըն է: Բայց Դիմադրութեան հաւատացողները տարբեր հոգեվիճակի մէջ են: Եւ այսօրուայ փոքրամասնութիւնը կրնայ հանդիսանալ վաղուայ մեծամասնութիւնը:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված նախկին իշխանությունների հանդեպ ճիշտ է, բայց դրական էր վերաբերվում այդ իշխանություններին գահընկեց արած Նիկոլ Փաշինյանին երկու տարի առաջ: Փողոց դուրս եկեք եւ մարդկանց հարցրեք: Նիկոլ Փաշինյանի թիմը շատ արագ մսխեց քաղաքական կապիտալը: Ես չէի պնդի, թե հանրաքվեի ելքը կանխորոշված է: Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը 88 տոկոս ձայն ստացավ: Սպասեք ու կտեսնեք թե ինչքան կստանա հիմա: Վստահ եմ, որ հանրաքվեում ՈՉ-ն է հաղթելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829