Բաց նամակ արդարադատության նախարարին
Ռուզաննա Հակոբյանը 2005 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2010 թվականի մարտի 1-ն աշխատել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում, որպես հավաքարար: Այդ մասին կար տեղեկություն դատարան ներկայացրած նրա կնիքված աշխատանքային գրքույկում: Սակայն աշխատած տարիների համար գործատուի մեղքով կենսաթոշակ չեն տվել: Կինը դիմել էր դատարաններ, ՀՀ վճռաբեկ դատարան, որը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել, այն պատճառաբանությամբ, թե «Բողոքաբերն իբր խախտել է պատասխանելու եռօրյա ժամկետը»: «Մայիսի 27-ի ժամը 11.00-ից մայիսի 30-ը ժամը 9.00-ն եռօրյա ժամկետ չի խախտվել, որովհետեւ նշյալ ժամանակահատվածը կազմում է 70 ժամ, այլ ոչ թե եռօրյա ժամկետ՝ 72 ժամ»,-«Առավոտին» դեռ երեք տարի առաջ հայտնել էր բողոքաբեր կողմը: Հավաքարարի ամուսինը բաց նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
«Պարոն Բադասյան, Ձեր 31.01.2020թ. թիվ 28.1/1752 պատասխանում նշում եք՝ ՀՀ արդարադատության նախարարությանը 29.01.2020թ. ուղղված՝ թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով դատական ակտեր կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ նախարարության կողմից 22.11.2019թ. գրությամբ տրված պատասխանը մնում է անփոփոխ: Դուք փաստորեն պաշտպանում եք հասարակ հավաքարարին գույքից զրկող երկրորդ դասարանի աշակերտի խելք չունեցող դատավորների խմբին, որոնք խախտել են աշխատանքի ընդունման ժամանակ տված երդումը, իրենց վարքագծի, էթիկայի եւ կարգապահական կանոններն ու դատավարական նորմերը:
Նախկին իշխանությունների կառավարման տարիներին ոչ մի պատժող սուբյեկտ չէր ցանկանում պատժել բարձրաստիճան սուբյեկտներին, նոր իրադրություն է առաջացել՝ իշխանությունը փոխվել է եւ կարծես թե այժմ գործող ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ օրենքները բոլորի համար պետք է գործեն հավասարաչափ, բայց Դուք մնացել եք նույնը եւ շարունակում եք աշխատել հին ոճով, մտածելով, որ կրտսեր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտի խելք չունեցող դատավորների խմբի անդամները կամ Ձեր բարեկամներն են, կամ բարձրագույն սուբյեկտ են եւ ՀՀ Սահմանադրությունը, եւ ՀՀ օրենքները նրանք հասարակ հավաքարարի հանդեպ կարող են խախտել եւ ոչ մի պատասխանատվության չենթարկվել:
Կարդացեք նաև
Մեկ ուրիշ պատասխանում նշում եք՝ «Քաղաքացի Ռուզաննա Հակոբյանի կողմից՝ 27.06.2018թ.-ին, 27.07.2018թ.-ին, 29.08.2018թ.-ին՝ դատական վարույթի ավարտից ավելի քան վեց ամիս անց, դիմումին չի կարող ընթացք տրվել»: Ապա նշում եք «ՀՀ դատական օրենսգրքի» 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը Ձեր կողմից չէր նշվել, սակայն հետեւյալն է. «Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի». մինչդեռ, «ՀՀ դատական օրենսգրքի» 146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից է. «Կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով», այսինքն՝ Ձեզ այն հայտնի էր դարձել դեռեւս 2018 թվականի կեսերին, եւ վարույթ պետք է հարուցվեր:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Արթուր Սմբատյանի, Ալվարդ Հունանյանի եւ Ամրահի Պետրոսյանի, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանի, Գոռ Հակոբյանի, Սուրեն Անտոնյանի, Վարդան Ավանեսյանի, Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի, Ռուզաննա Հակոբյանի, Տիգրան Պետրոսյանի, Ելենա Սողոմոնյանի եւ Նախշուն Տավարացյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված նույնաբովանդակ դիմումներին նախարարության 23.08.2018թ.-ի թիվ 15/620824-18 եւ 08.10.2018թ. թիվ 15/624/404-18 գրություններով արդեն իսկ տրվել է սպառիչ պատասխան, ինչը չի գոհացնում ինձ:
ՀՀ դատական ատյանները կոպիտ խախտումով որոշումներ կայացնելով՝ 6 տարի շարունակ՝ զրկել են կնոջս իրեն հասանելիք գույքից, ինչպես նաեւ զրկելով Եվրոպական կոնվենցիայով արտահայտված գույքից անարգել օգտվելու իրավունքից եւ եթե դուք չեք ցանկանում պատասխանատվության ենթարկել դատավորներին, ապա ով պետք է վերադարձնի հասարակ քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությանբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի Արձանագրություն 1-ին հոդված առաջինով հասանելի եւ անգրագետ դատավորների մեղքով զրկված գույքը:
Դատավորների կողմից քաղաքացու նկատմամբ իրավունքների խտրականությունը՝ կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ Դատական օրենսգրքով: Վճռաբեկ դատարանի դատավորները չեն պատկերացրել, թե ամիսը քանի օրից է բաղկացած եւ օրը քանի ժամ ունի՝ «Առավոտ» օրաթերթի 17.06.2017թ. նույնպես անդրադարձ կա այս գործի մասին:
2016 թվականի հունիսի 15-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշում՝ մայիսի 27-ից մայիսի 30 եռօրյա ժամկետը իբր բաց եմ թողել, դատավորները չեն հասկանում, որ 27+3=30-ի, այլ ոչ 31-ի՝ փաստացի ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խումբը վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու համար հիմք է ընդունել այն ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները եւ այն չարամտորեն խախտել. երկու դեպքում էլ կա փոստային ծրարների վրա դրոշմակնիք, որը առկա է թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործում:
Ձեզ հիշեցնում եմ նաեւ մի փաստ եւս՝ մայիսի 28-ը՝ անկախության օր, փոստերի համար ոչ աշխատանքային օր է, իսկ 2016 թվականի մայիսի 29-ը կիրակի էր՝ փոստերի համար նույնպես ոչ աշխատանքային օր: Դատավորների կողմից քաղաքացու նկատմամբ իրավունքների խտրականությունը՝ կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ Դատական օրենսգրքով:
Բարձրագույն դատական խորհուրդը նախկին կոռումպացված իշխանությունների ժամանակ է ընտրվել եւ նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդն է հանդիսանում եւ շարունակում է աշխատել նույն ոճով ու խախտելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. նոյեմբերի 4-ի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ, ՀՀ Սահմանադրություն 42-րդ եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների պահանջները՝ թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշման դեմ 2018 թվականի հուլիսի 30-ին իմ գրված դիմումին չեն ուզում պատասխանել: Հարկ եմ համարում նշել, որ իմ բողոքարկումները ինքնանպատակ չեն եւ ամենեւին չեն բխում անձնական հակակրանքից կամ այլ սուբյեկտիվ գործոններից:
Իմ նպատակն է, որ երկրում իրոք գործեն օրենքները հենց այն տեսքով եւ տրամաբանությամբ, որով որ այն ընդունվել է: Խնդրում եմ՝ կարգապահական վարույթ հարուցել թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշում կայացրած դատավորների նկատմամբ, ապա պատասխանել. թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշումները դատավորների՝ էթիկայի, վարքագծի կանոնների, կարգապահական կանոնների, դատավարական նորմի կոպիտ խախտումներ հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե հանդիսանում են, ապա խախտումները նշել առանձին-առանձին:
Հնարավորություն տվեք, որ կինս ստանա այդ ամբողջ տարիների համար հասանելիք կորցրած գույքը եւ եթե չեք ցանկանում, ապա գրեք ի՞նչ հիմքով կարող է ստանալ, ստիպեք՝ Բարձրագույն դատական խորհուրդը անպայման պատասխանի իմ դիմումին»:
Լյովա ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.02.2020