Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ»

Փետրվար 26,2020 12:30

Համասփյուռ Մանուկյանը՝ նոր երգարանի, ամուսնու եւ սկեսրայրի հոբելյանների մասին:

Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը մի առիթով մեզ հետ զրույցում տարակուսել էր, որ ռադիոն եւ հեռուստատեսությունը ներկայացնելով որեւէ երգ, հայտնում են կատարողի անունը, չնշելով երաժշտության եւ տեքստի հեղինակներին: Օրինակ էր բերել տասնամյակներ շարունակ կատարվող «Ջաղացս պատիկ-պատիկ», «Հոյ, իմ նազանի յարը», «Երկու քույր ենք», «Օվսաննա», «Ես պուճուր եմ» եւ այլ ժողովրդական երգերը, որոնք մշակել է հայրը՝ Թաթուլ Ալթունյանը: Բայց քչերը գիտեն, որ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը, լինելով ժողովրդական բանահյուսության փայլուն գիտակ, եւ մշակել է, եւ  ստեղծագործել ժողովրդական երգերին հարիր ու բնական խոսք-բանաստեղծություններ: Նկատենք, որ Հրաչյա Հովհաննիսյանի տողերով երաժշտություն են գրել ճանաչված կոմպոզիտորներ Ալեքսանդր Դոլուխանյանը, Երվանդ Սահառունին, Էդվարդ Բաղդասարյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ այլն: Այս եւ անվանի այլ  կոմպոզիտորների երգերը՝ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններով, հրատարակվել են տասնամյակներ առաջ՝ 1950-ականների կեսերին:

Վերադառնալով ճանաչված, սիրված ու հաճախ հնչող ժողովրդական երգերի հովհաննիսյանական տողերին, փաստենք, որ ի վերջո «Արեւիկ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է Հրաչյա Հովհաննիսյանի «Իմ երգարանը», ընդ որում՝  նոտագրված: Երգարանի կազմողն է դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, որը Հրաչյա Հովհաննիսյանի հարսն է, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի կինը: Երգարանը հրատարակվել է Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակի առիթով:

«Առավոտի» հետ զրույցում Համասփյուռ Մանուկյանն ասաց. «Գրքում իսկապես ներառված են հաճախ ժողովրդական համարվող, բայց իրականում մեծանուն բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հեղինակած հայտնի եւ սիրված թվով 17 երգերի խոսքերը: Գրքի կազմն ունի QR հավելված, որով կարելի է ստանալ Հովհաննիսյանի կատարմամբ «Ախչի Մարան»  երգը՝ տեսապատկերով»: Հավելեց նաեւ, որ գրքի երկրորդ բաժինը ներկայացնում է  կոմպոզիտորներ Գեւորգ Մանասյանի, Երվանդ Երկանյանի, Նադեժդա Եղիազարյանի, Մարինե Գյուլումյանի ստեղծագործությունները Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններով:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ էր անվանի բանաստեղծը լռում կամ գուցե թաքցնում, որ այդ տարածված ժողովրդական երգերի խոսքերի հեղինակն է ինքը, մեր զրուցակիցը բերեց հետեւյալ օրինակը. «Ավետիք Իսահակյանը մի օր դաշտում քայլելիս տեսնում է, որ գյուղացին երգում է «Բինգյոլը», որի բառերը իրենն էին: Վարպետը  հարցնում է՝ դա ո՞ւմ երգն է, գյուղացիներից մեկը պատասխանում է՝ գնա, գնա, քո խելքի բանը չի… Նույնիսկ որդին է շատ ուշ իմացել, որ սիրված ժողովրդական երգերի հեղինակը Հրաչյա Հովհաննիսյանն է»: Հետո էլ հավելեց. «Իսկ Հրաչյա Հովհաննիսյանին ճանաչել եմ 1966 թվականից, 1968-ից, երբ ընտանիքի անդամ էի, ամեն սեղան նստելիս հիացմունքով եմ լսել նրա երգերը, հաճախ էլ նվագակցում էի: Հիշում եմ՝ երգում էր աչքերը փակ եւ բոլորովին այլ մեկնաբանությամբ: Ասեմ նաեւ, որ ռադիոյի ֆոնդում երգերի ձայնագրություններում շատ մենակատարներ տարբեր են երգում: Այս գրքում ներկայացնում եմ իր՝ Հրաչյա Հովհաննիսյանի տարբերակը: Հաճախ երգում էր որդու հետ՝ երկձայն»:

Դիտարկմանը, թե՝ տարին Հրաչյա Հովհաննիսյանի եւ Դավիթ Հովհաննեսի համար հոբելյանական է. հոր ծննդյան 100-ամյակն է, որդու՝ 75-ը,  ի՞նչ միջոցառումներ են նախատեսված, տիկին Մանուկյանը պատասխանեց. «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 29-ին կկայանա երեկո՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին: Շուտով ընթերցասերներին կներկայացվի  Դավիթ Հովհաննեսի հոդվածների ծավալուն ժողովածուն»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829