Փաշինյանի սրբագրումները. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ԼՂ ինքնորոշման սկզբունքն այսօր շարունակում է մնալ հստակ նպատակակետ
Փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մյունխենյան դեբատներից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց 6 սկզբունք: Ըստ ամենայնի, Հայաստանում իր ելույթից ավելին ակնկալող հասարակության այդ հատվածի համար նա այդ կերպ փորձեց արձանագրել այն սկզբունքները, որոնց հայկական կողմը հավատարիմ է մնալու: Սակայն Փաշինյանի լրացուցիչ պարզաբանումը որոշակիորեն նաեւ ուղերձ էր միջազգային հանրությանը:
Հիշեցնենք Փաշինյանի ներկայացրած «Մյունխենյան սկզբունքները». «1.Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2.Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3.Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4.Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5.Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։
Ավելի ուշ՝ փետրվարի 20-ին, Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «շրջադարձային նշանակության» համարեց Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը, նկատելով. «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն: 2018թ. մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարեւոր արդյունքն է»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ՝ երկրորդ ամենակարեւոր արդյունքն այն է, որ ինքը իրականացրել է հայ ժողովրդին տված կարեւորագույն խոստումներից մեկը. «Ես ասել եմ, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որեւէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի էությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը»: Փաշինյանը նաեւ հավելեց, որ հանդիպման արդյունքում շատ կարեւոր բան է տեղի ունեցել. «Ձեւավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»:
Այնուհետեւ նա տվեց գնահատական, որը մի քանի անգամ հնչեցրել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Արցախում կայանալիք ընտրություններին՝ Փաշինյանը նկատեց, թե այնտեղ միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, ապա հավելեց. «Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է, որովհետեւ Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, եւ խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի աբսուրդ է»:
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ձեւակերպումը նախկինում հայկական կողմը բավական հստակ արձանագրել է մի քանի ամբիոններից: Հատկապես 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ռազմատենչ Ալիեւի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում որեւէ բարդություն չկար: ՀՀ նախկին իշխանությունը հստակ ցույց էր տալիս, թե հայկական կողմն ինչին է դիմագրավում. մեր առաջ մի երկիր է, որը ոչ միայն պատերազմ է սկսել 3 տասնամյակ առաջ, այլեւ՝ 4 տարի առաջ, ապացուցելով, որ Արցախի հայերի գոյությունն է Ադրբեջանի համար խնդիր եւ Ալիեւի համար Լեռնային Ղարաբաղն ընդամենը «տարածք» է:
Հայ-ադրբեջանական հանդիպումները շարունակվելու են, գոնե հրապարակային կողմերը հայտարարել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները: Փաշինյանի մյունխենյան ելույթից, ապա նրա պարզաբանումներից հետո ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը ձգտում է մինչ այժմ գոյություն ունեցող սկզբունքների վերաբերյալ նոր մոտեցումներ, ձեւակերպումներ ստանալ:
Թերեւս, դա էր պատճառը, որ դեկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարը հանդես եկավ ծավալուն հարցազրույցներով, նպատակ ունենալով ցույց տալ, որ հայկական կողմի դիրքորոշման պատճառով անելանելի իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում:
Բանակցային գործընթացը, իսկապես, բարդ փուլում է: Միջնորդները մի կողմից պետք է ապահովեն հանդիպումների շարունակականություն, մյուս կողմից՝ Փաշինյանի ու Ալիեւի հրապարակային ներկայացրած սկզբունքների շրջանակում մշակեն, վերաձեւակերպեն կարգավորման դրույթները:
Մյունխենյան քննարկումից հետո փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը նրանք քննարկել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում եւ անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին, ապա կարեւորել էր Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը, ըստ նրա՝ կնպաստի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանն ու բանակցային գործընթացին:
Իսկ փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով, հիշեցնելով 1988-ի փետրվարյան ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի որոշումը՝ մտնել Հայաստանի կազմի մեջ, որին իր աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդն ու աշխարհի համայն հայությունը: «1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձեւավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը, կարեւորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու եւ վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման: Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը եւ ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը»,- նշել էր նա իր ուղերձում։
Այս ուղերձում էլ Փաշինյանը հստակ ընդգծեց Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը, այն որպես հայկական կողմի նպատակ որակելով: Այս դեպքում էլ, փաստորեն, Փաշինյանը կրկնեց իր նախորդին:
Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը, թեեւ խոսում է կարգավորման գործընթացի վերաբերյալ ունեցած իր «նոր կետի» եւ «նոր բովանդակության» մասին, այնուամենայնիվ, իր հետմյունխենյան գնահատականներով մոտեցել է նախկին իշխանության այն գնահատականներին, որոնք հայկական կողմի դիրքերն ավելի ամուր էին պահում:
Փետրվարի 22-ին Ստեփանակերտում երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կայացավ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նաեւ անց էին կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.02.2020