Երևանի փոխքաղաքապետին՝ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:
Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը, ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները եւս հետաքննություն են արել եւ բռնության փաստը չի հաստատվել:
Զրուցեցի նաեւ դպրոցի տնօրինության եւ նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը եւ առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:
Կարդացեք նաև
Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաեւ երեխայի կայուն հոգեբանական վիճակը եւ բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»: