«Այս ամեն ինչն իմ կյանքում սկսվեց, երբ 15 տարեկանում ջախջախված ռադիոհաղորդիչով առաջին անգամ լսեցի աստվածային երաժշտություն և չէի հասկանում, թե դա ինչ երաժշտություն է: Եվ 2 տարի շարունակ, ամեն օր, անընդմեջ լսելով այդ երաժշտությունը՝ փորձում էի վերարտադրել այն, չնայած երաժշտական կրթություն չունեի»,- այսօր տեղի ունեցած «Brusov Talks» խորագրով հանդիպաշարի ժամանակ ասաց ԵՊԼՀ շրջանավարտ, հայ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը ԵՊԼՀ-ում ուսանողների հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Խոսելով անցած ճանապարհի մասին՝ ջազմենն ասաց, որ ինքն իր երաժշտական կրթությունը ստացել է ոչ թե երաժշտական հաստատություններում, այլ Օսկար Փիթերսոնից, որը 60 տարի շարունակ եղել է իր հեռակա ուսուցիչը: Նա պատմեց, թե ինչպես է ինքը 1963 թվականին թմբուկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ ԵՊԼՀ-ում ստեղծել Երևանի առաջին ջազ եռյակը, որը կոչվում էր իր իսկ անունով՝ «Լևոն Մալխասյանի անվան ջազ եռյակ», որին հետագայում միանում է սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, և եռյակը դառնում է քառյակ:
ԵՊԼՀ-ում ստեղծված այս խումբը մեծ ճանաչում է ձեռք բերում 1972 թվականին Յարոսլավլում համամիութենական փառատոնին, որտեղ քառյակը ներկայացել էր յուրահատուկ գործով՝ 7-րդ դարի հայկական շարականով: Լևոն Մալխասյանի ջազ քառյակը լավագույնն է ճանաչվում այդ փառատոնի առհասարակ բոլոր անվանակարգերում:
Բրյուսովականների հետ հանդիպման ժամանակ Լևոն Մալխասյանը ջազային կատարում նվիրեց ԵՊԼՀ ուսանողներին և աշխատակիցներին, ապա պատասխանեց նրանց հարցերին: Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ինքը կարծում ներկայիս հայկական ջազի մասին, պարոն Մալխասյանն ասաց, որ երիտասարդ սերունդն այժմ փորձում է ժողովրդական երաժշտությունը փոխակերպել ջազի, որն էլ բարեբախտաբար երիտասարդ երաժիշտներն անում են բավականին լավ: Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Լևոն Մալխասյանը խոսեց իր երազանքների մասին, որոնք չորսն են եղել. առաջինն էր մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ նա սկսել էր նվագել, որն էլ իրականացրեց 1990 թվականին: Երկրորդ երազանքն ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում միջազգային ջազ-փառատոն անցկացնելն էր, որը մի քանի անգամ հաջողվեց իրականացնել: Իսկ երրորդ երազանքը սեփական ջազ ակումբ ունենալն էր: Այս երազանքը նույնպես իրականացավ. 2006 թվականին Երևանում հիմնադրվեց «Մալխաս» ջազ ակումբը, որը գործում է մինչ օրս: Եվ չորրորդ երազանքն այն էր, որ բոլոր ջազ մասնակիցներին կարողանար տեղավորել 10 ձայնասկավառակների և մի գրքի մեջ, որը պարոն Մալխասյանը նույնպես արդեն իրականացրել է:
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ Լևոն Մալխասյանը արժանացել է այնպիսի մրցանակների, ինչպիսին են ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալը, ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալը`հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչումը: Լ. Մալխասյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Հավելենք, որ Լևոն Մալխասյանն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ոսկե մեդալին, Առնո Բաբաջանյանի ոսկե մեդալին:
Հանդիպման ավարտին ԵՊԼՀ ռեկտորը բուհի կողմից ջազմենին նվիրեց գիրք՝ Երևանի մասին գեղեցիկ պատմությամբ ու նկարներով։
Նյութը պատրաստեց ՍԳՍ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Տիրուհի Հակոբյանը։