Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Բաբլոյանի՝ իրավապահները պետք է ցույց տան՝ որտեղ են տեսնում իր լիազորությունների չարաշահումը

Փետրվար 25,2020 22:20

«Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը, ավելի լավ է իրենք հիմա կարճեին գործը եւ իմ երկրի վարչապետին չդնեին վատ վիճակի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Նա ասաց, որ մեղադրանքի փոփոխությամբ, իրականում որոշ մեղմացումներ են արվել, ինչը նույնպես անհիմն է: Ըստ Արա Բաբլոյանի՝ իրավապահները պետք է ցույց տան, թե որտեղ են տեսնում իր լիազորությունների չարաշահումը:

Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ մի քանի պարզաբանում է ներկայացրել Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության և նախաքննության ավարտ հայտարարելու վերաբերյալ.

Ըստ պաշտպանի՝ Բաբլոյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, այլ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանքը վերացվել է (ինչպես պնդում էինք դեռևս 2019 թվականի հոկտեմբերին) և մեղադրանքը փոփոխվել է 308-րդ հոդվածով (ավելի մեղմ հանցակազմով է որակվել):
Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց և ինչպես նախկինում պնդել էի՝ Ա. Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք և քրեական գործում առկա չէ ոչ մի հանգամանք, որը կհիմնավորեր քրեական հետապնդման իրավաչափությունը: Մեղադրանքի էությունը կայանում է «Մալբերի» համակարգի և ԱԺ հին կամ նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ: Այսինքն՝ էությունը մեղադրանքի առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության հետ, քանի որ «Մալբերի» համակարգը պարտադիր չէր, ունի մի շարք թերություններ (այդ թվում 18:00-ից հետո փաստաթուղթ մուտքագրել հնարավոր չէ):

Կիրառելի դրույթի վերաբերյալ՝ ակնհայտ է, որ կիրառելի է ԱԺ նոր կանոնակարգը, ակնհայտ է, որ ՀՔԾ-ն չի կարող հանդիսանալ նորմերի վերջնական մեկնաբանություն տվող մարմին և հենց դա դնել մեղադրանքի հիմքում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ա. Բաբլոյանը օրենքի մեկնաբանման հետ առնչություն չունի:Արամ Վարդեւանյանի պարզաբանմամբ՝ շուրջ 4 ամիս նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են:

Ըստ ՀՔԾ-ի՝ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնեական կեղծիքը, 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ վստահեցրեց, որ վարույթ իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալին ու պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829