ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ էր եկել՝ իր աջակցությունը հայտնելու ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ դատարանում այսօր մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Aravot.am-ը հարցրեց, թե ինչո՞ւ են իրենք հայտարարում, որ Սերժ Սարգսյանի գործը ծայրից ծայր շինծու է ու եթե քաղաքական հետապնդում եք սա որակում, իմաստը ո՞րն է, վախենո՞ւմ են Սերժ Սարգսյանից, ինչ-որ ռեւանշիստական քայլերից՝ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. «Հայտարարության մեջ ամեն ինչ գրված է»:
Դիտարկմանը՝ չի գրված, թե այս իշխանությունն ինչո՞ւ պետք է հետապնդի Սերժ Սարգսյանին, երբ որ նա հրաժարական է տվել ու հեռացել՝ Շարմազանովը պատասխանեց. «Թե ինչու է հետապնդում, դա հարցրեք այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն»: Ասացինք՝ պարզ է, որ ինքը չի ընդունում, որ քրեական հետապնդում է սա, ասում են, որ իրավական երկրում ենք ապրում ու պետք է հարուցվի քրեական գործ, Շարմազանովն արձագանքեց. «Իյա, իրավական երկրում դատարանները շրջափակո՞ւմ են, հա՞, բարեւ ձեզ»: Ասացինք, որ դատարանների շրջափակումն ուզում էին ՀՀ հպարտ քաղաքացիները՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե վաղը ՀՀ հպարտ քաղաքացին ասի՝ ուզում ենք բոլորին պիտի գլխատենք՝ պիտի անե՞ք, կամ վաղը Արցախը պետք է տանք՝ պիտի տա՞ն»:
Հարցրեցինք՝ դուք վստահում ու հավատո՞ւմ եք այս դատարանների իրականացրած արդարադատությանը՝ Շարմազանովը պատասխանեց, որ իրենք բոլոր օրինական միջոցներով պայքարելու են ու հույս ունեն, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնք ծառայում են ՀՀ-ին: Փոխանցեցինք Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ այս դատավորները զանգ չեն ստանում իրենցից, բայց զանգեր են ստանում նախկին իշխանություններից՝ Շարմազանովը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի ասածներն իմ համար հիմք չեն ու երբեք չեն եղել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ